Արարատյան դաշտավայրում ծիրանի մասսայական բերքահավաքն ավարտվել է և արդեն կարելի է ամփոփել արդյունքները:
Արմավիրի մարզի շատ համայնքներ ցրտահարման պատճառով ընդհանրապես ծիրան չկերան: Այդ համայնքներում, բնականաբար, ծիրանի իրացման հետ կապված խնդիրներ էլ առաջ չեկան:
Հիմա անդրադառնանք այն համայնքներին, որտեղ ծիրանը գյուղացու սպասածից առատ բերք էր տվել այս տարի:
Անկախ գյուղնախարարության հայտարարած աստղաբաշխական մթերման գների, փորձենք տեղում հասկանալ և գնահատել ծիրանի մթերման ծավալներն ու գները:
Ծիրանն այն հազվադեպ մրգերից է, որն ընդամենը մեկ շաբաթ ժամանակ է տալիս բերքահավաքի համար, և այդ մեկ շաբաթվա ընթացքում գյուղացին պետք է հասցնի իրացնել իր ընտանիքի գոյությունը պահպանող բերքը:
Օրինակ, վերցնենք Արմավիրի մարզի շարքային գյուղերից մեկը և հասկանանք, թե ինչպես և ինչ գնով է իրացրել ծիրանը: Առաջին գնորդը, որին և անհամբեր սպասում էին Լենուղի համայնքի բնակիչները, եղել է <> ընկերությունը, որն իր ընտրած այգիների ծիրանը խոստացել է գնել 350-400 դրամով:
Ընտրյալ այգիների տերերը, վարձելով աշխատողներ, սկսել են բերքահավաքը և ծիրանը կուտակել հենց այգու տարածքում, որից հետո այգի է ժամանել Սպայկայի այսպես կոչված տեսակավորող ջոկատը: Նույն ջոկատը, արդեն տեղեկացված կամ տեսակավորման հատուկ կանոններին ծանոթացած անդամները, քաղված ծիրանի ընդամենը 20 տոկոսն է տեսակավորման չափանիշին համապատասխանեցրել, իսկ մնացածը այգում՝ գետնին է թողել: Տեսակավորման սկզբունքը կայացել է նրանում, որ, եթե ծիրանի վրա կա նույնիսկ աննշան խալ, ապա այդ ծիրանը փորձությունը չի անցնում:
Նշենք, որ քաղված ծիրանը հատկապես շոգ եղանակին, ժամերի ընթացքում ենթակա է փչացման: Ըստ Լենուղու ծիրանատերերի, Սպայկայի տարած ու փչացրած ծիրանի միջին գինը տատանվում է 100-150 դրամի սահմաններում:
/Ի դեպ, հաջորդ օրը կրկին վերադառնալու և ծիրանը գնելու խոստումով Սպայկան գնացել ու արդեն երրորդ օրն էր չէր վերադարձել, ընկերության արկղերն էլ գյուղացու դաշտում հավանաբար որպես հուշ էր թողել/:
Բերքահավաքի երկրորդ, երրորդ օրվանից ծիրանի գինը իջնում է 200 դրամով: Այս անգամ մթերողները հիմնականում ֆիզիկական անձինք են Հայաստանից և Վրաստանից, ովքեր ծիրանը Սպայկայից ավելի խղճով են տեսակավորում, այգում քաղված ծիրանի ուղիղ կեսն են թողնում: Այս պարագայում էլ գյուղացուն կիլոգրամից 100 -150 դրամ է մնում:
Բերքահավաքի չորրորդ, հինգերորդ օրերից սկսած ծիրանն իր հասունացման պատճառով էլ ճանապարհ չի կարող անցնել և մնում է, որ 70 դրամով իր հանգրվանը գտնի մթերող գործարաններում: Սա ծիրանի իրացման ամենածայրահեղ տարբերակն է, որից գյուղացուն համարյա ոչինչ չի մնում, եթե հաշվի առնենք տրանսպորտի և աշխատուժի հետ կապված ծախսերը:
Այժմ մի փոքր տնտեսական հաշվարկ կատարենք և հասկանանք, թե այս տեմպերով մի քանի տարի հետո Հայաստանը կունենա՞ ծիրանի այգիներ, թե՞ ոչ:
Իդեալական պայմաններում մեկ հեկտար ծիրանի այգին կարող է ապահովել 10-12 տոննա բերքատվություն, որը նույնպես իդեալական իրացման պայմաններում 1,0-1,2 միլիոն դրամ եկամուտ կբերի:
Այժմ, ինչպես տնտեսագետներն են ասում, անցնենք ծախսային մասին: Տարվա ընթացքում ծիրանը պետք է բուժում ստանա նվազագույնը 4-5 անգամ: Հեկտարի հաշվով՝ յուրաքանչյուրը 65-70 հզր դրամով, պարարտանյութ՝ 300 կգ, ոռոգման ջուր՝ 60 հզր դրամ, 5 բանվոր՝ 7 օր բերքահավաք կազմակերպելու համար, յուրաքանչյուրին օրական 5 հզր դրամ, հողի հարկ՝ 35 հզր դրամ: Փոքր թվաբանությունից հետո ստացվում է, որ գյուղացին մեկ հեկտար ծիրանի այգի մշակելու համար պետք է ծախսի մոտ 640 հզր դրամ, չհաշված ընտանիքի կատարած գարնանային աշխատանքները: Արդյունքում, իդեալական պայմաններում, ընտանիքի միակ եկամուտի աղբյուր մեկ հեկտար ծիրանի այգին պետք է ապահովվի տարեկան 360-560 հզր դրամ եկամուտ: Եթե ընտանիքը բաղկացած է ասենք 4 շնչից, յուրաքանչուրին օրական 247-383 դրամ եկամուտ, որը ծայրահեղ աղքատության սահմանից ավելի ցածր ցուցանիշ է:
Այստեղ հաշվի առած չեն բանկերը, ցրտահարումը, անձրևները, իրացման հետ կապված բազմաթիվ խնդիրները: Իսկ թվերով ընտանիք չես պահի և ծիրանի այգիներն էլ չեն ավելանա: