Մեծամորի մաքրման կայանն արդեն 20 տարուց ավելի է չի գործում, արդյունքում Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերի գարշահոտը շարունակում է տարածվել ու շրջապատում ապրողների համար տհաճություն ստեղծել: Օրերս «Նոր Ակունք» ՓԲԸ տեղական տնօրեն Արտավազդ Թորոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ անդրադարձավ նաև մաքրման կայանի հնարավոր վերակառուցմանը: Նշենք, որ Արմավիր, Մեծամոր քաղաքների և 10 գյուղական համայնքների խմելու ջրի մատակարարումն ու ջրահեռացումն իրականացնում է «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունը: Ընկերության տեղական տնօրեն Արտավազդ Թորոսյանը տեղեկացրեց, որ նախկին մաքրման կայանի վերանորոգումը տնտեսապես աննպատակահարմար է, նոր կայան կառուցելու անհրաժեշտություն է առաջացել, որի համար մեծ ներդրումներ են պահանջվում: Ընկերությունը սեփական միջոցներով չի կարող այդ ծրագիրն իրականացնել: Ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով, ըստ Թորոսյանի, միջպետական բանակցություններ են ընթանում: Արտավազդ Թորոսյանը օր, ժամ ասելը դժվարանում է: Ըստ նրա, դրանք երկար ձգվող գործընթացներ են, և ակտիվ բանակցություններ են ընթանում: Թորոսյանը հուսով է, առաջիկայում կամրագրեն, որ ծրագիրը հաստատված է: