Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները միտված են ՏԻՄ աշխատանքները դարձնելու թափանցիկ և հասանելի՝ համայնքի յուրաքանչյուր չափահաս քաղաքացու համար: Լավ օրենքը ոչինչ է, եթե այն չի կիրառվում տեղերում: Խոսենք օրինակներով:
ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի Հոդված 11
Հոդված 11. Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը

1. Սույն օրենքի իմաստով՝ համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները, առանց խտրականության, տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։
Օրենքի 11 հոդվածն այսքանով չի սահմանափակվում և հստակ գործիքներ է նշում, որոնց միջոցով համայնքի բնակիչները հնարավորություն կունենան տեղեկացվելու և մասնակցելու ՏԻՄ աշխատանքներին:
Հոդված 11 կետ 5. 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքը պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք, որի ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը սույն օրենքով և համայնքի ավագանու սահմանած կարգով:
Արմավիրի մարզի 97 համայնքներից 44-ը օրենքի պահանջով պետք է ստեղծած լինեին համայնքի պաշտոնական համացանցային կայքը, սակայն մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ միայն 17 համայնք ունի պաշտոնական կայք, այն էլ՝ վերապահումներով:
ՏԻՄ օրենքի պահանջի կատարման հսկողությունը իրականացնում է մարզպետարանի …
Շատ համայնքներ պաշտոնական կայքի անուն որոշելով՝ համարել են, որ դրանով կատարում են օրենքի պահանջ:
Օրենքը, բացի կայքի առկայության պարտադիր պայմանից, 14 կետով թվարկում է նաև այլ պահանջներ, որոնց պետք է բավարարի կայքի պարունակությունը: Մասնավորապես՝
Համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ առնվազն պետք է առկա լինեն՝
1) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր գործունեության վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը,
2) համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած նորմատիվ իրավական ակտերը,
3) համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, ծրագրի կատարողականն ու դրա վերաբերյալ հաշվետվությունները,
4) համայնքի բյուջեն, բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունները,
5) համայնքի գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի վերահսկողության արդյունքները,
6) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը,
7) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, բացառությամբ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող, համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման կամ օգտագործման տրամադրվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ցանկը,
8) համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում տրվող թույլտվությունների դիմումների ձևաթղթերը,
9) համայնքին վերաբերող օրենսդրական և ենթաօրենսդրական նախաձեռնությունների և նախագծերի, այդ թվում՝ համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին տեղեկատվությունը,
10) համայնքում բնակիչների հետ հանդիպումների, հանրային լսումների և քննարկումների նյութերը, ընթացակարգը, անցկացման վայրը և ժամը,
11) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, ինչպես նաև սույն մասի 9-րդ կետով նախատեսված այլ փաստաթղթերի վերաբերյալ անցկացված հանրային լսումների և քննարկումների արդյունքները,
12) համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության, համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման և այլ կարգեր,
13) համայնքային խնդիրների վերաբերյալ համապատասխան քաղաքացիական նախաձեռնության մասին տեղեկացումը,
14) համայնքի ավագանու սահմանած այլ տեղեկատվություն:

Մարզում գործող պաշտոնական համացանցային կայքերը բաժանվում են 2 խմբի: Առաջին խումբը կայքում նույնիսկ նշված պահանջները տեղադրելու հնարավորություն չի ստեղծել:
Երկրորդ խմբի մոտ հնարավորություն կա, սակայն ցանկություն չկա՝ կատարելու օրենքով նախատեսված 14 կետերի պահանջները: