Ի տարբերություն Հայաստանի հյուսիսային շրջանների, Արարատյան դաշտավայրում առատ ձյան առկայությունը սովորական երևույթ չէ: Ձյան առատությունը Արմավիրում միշտ անակնկալ է մատուցում վարորդներին, հետիոտներին և տեղական իշխանություններին: Արմավիր քաղաքի ճանապարհների մաքրման աշխատանքները սկսվել են առավոտյան ժամը 6-ից, աշխատում է երկու ձյուն մաքրող մեքենա: Արմավիրի Բարեկարգում տնօրինության տնօրեն Արտակ Ավագյանը վստահեցնում է, աղ ու ավազի պակաս չունեն, 10 տոննա պահեստավորել, իսկ այսօր մոտ 2 տոննա ճանապարհներին են ցանել: Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Հովհաննես Սահակյանը նույնպես առավոտից շրջում է քաղաքում, վարորդներին խորհուրդ է տալիս զգոնություն պահպանել և ավտոմեքենան դանդաղ վարել: Ըստ Սահակյանի, առայժմ ՃՏՊ չի գրանցվել, վարորդները զգույշ են:
Ի դեպ, մարզկենտրոնին մի շարք համայնքներ կապող միջհամայնքային ճանապարհին մեքենաներ հաշված կարող ես տեսնել, ճանապարհը ոչ մաքրվել, ոչ էլ աղ ու ավազով է պատվել, ինչը չի կարելի ասել միջպետական նշանակության՝ Արմավիր-Երևան ճանապարհի մասին, Երևան-Արմավիր մայրուղին բաց է: