Հունվարի 21-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում մեդիա ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ staff.am-ը ներկայացրեց ՀՀ աշխատաշուկայի ակտիվության ամենամյա վերլուծությունը 2019թ․-ի տվյալներով։

Վերլուծությունը ներառում էր համեմատություններ ինչպես 2018թ․ տվյալների հետ, այնպես էլ հետևություններ 2020 թվականի համար։ Ըստ վերլուծության արդյունքների թափուր աշխատատեղերի քանակը 2018-ի համեմատ 2019-ին աճել է 250%-ով:

«Ամենապահանջված մասնագիտությունը շարունակում է մնալ Ծրագրավորումը, ընդ որում դիտարկելով թոփ 10 պահանջված մասնագիտությունները տեսնում ենք, որ 2018-ի տվյալների համեմատ աճել է Ծրագրավորման, Վաճառքի ու սպասարկման, Որակի կառավարման և Կրթության ոլորտների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ։ Վերջինս պայմանավորված է պետ․ ոլորտի՝ մասնավորապես ԿԳՄՍ-ի կողմից 2019թ․-ին հարթակի ակտիվ օգտագործմամբ»,- նշեց staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

Ծրագրավորման մասնագետների պահանջարկի հետ կաճի նաև դեֆիցիտը, նման իրավիճակ կլինի նաև Թվային  մարքեթինգի, Տվյալագիտության (Data Science), Պրոդուկտի զարգացման, Նախագծերի զարգացման և չորրորդ ինդուստրիալ հեղափոխության արդյունքում առաջացած մասնագիտությունների դեպքում։

ՀՀ-ում 2019-ին ամենաակտիվ գործատուները ներկայացրել են ՏՏ, Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն, Արդյունաբերություն/Արտադրություն, Ներկրում/Արտահանում/Առևտուր ոլորտները։ Թոփ 5 գործատուների ցանկը ամփոփում է Տուրիզմ և Հյուրընկալություն ոլորտը։ Ամենամեծ բացասական փոփոխությունը ամբողջի մեջ տեսակարար կշռով՝ Ֆինանսներ/Ապահովագրություն/Բանկ և Հեռահաղորդակցության ոլորտներում է տեղի ունեցել։

2020-ին ՏՏ ոլորտը կշարունակի դինամիկ զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, իսկ ՏՏ ընկերությունները կշարունակեն մնալ առաջնորդի դերում, ակտիվությունը աճեցնելով մոտ 4-6 տոկոսային կետով։

Մարզային քաղաքների ակտիվությունը շարունակում է մնալ ցածր։ Բոլոր աշխատանքների 92%-ը բաժին է ընկնում Երևանին, իսկ մարզային քաղաքներում կամ տեղական ընկերություններն են գերիշխում, կամ բանկային, ապահովագրական և հեռահաղորդակցության մասնաճյուղի աշխատանքներն են։ Կարող ենք նշել նաև Գյումրի քաղաքում ծրագրավորման և այլ ՏՏ մասնագետների պահանջարկը։ Մասնավորապես, Գյումրիում առկա թափուր աշխատատեղերի մոտ 15% -ը ՏՏ ոլորտում է։

Զարգացման նման համատեքստում մարզային քաղաքների ակտիվությունն ու ներգրավվածությունը կշարունակի մնալ 7-8% տեսակարար կշռի սահմաններում։ Մարզային ակտիվության աճը անմիջականորեն կապված է ՀՀ-ում աշխատաշուկայի թվայնացման հետ և ցանկացած մեծ փոփոխություն այդ ոլորտում կհանգեցնի նաև մարզային քաղաքների ակտիվության աճին։

«Սոֆթ (անձնային) հմտությունների դերը աշխատաշուկայում գնալով ավելի կարևոր է դառնում։ Եթե համեմատենք գործատուի կողմից 2018թ․-ին առաջադրված պահանջները սոֆթ հմտությունների  կոնտեքստում, ապա վստահ կարող ենք ասել, որ անկախ մասնագիտությունից այնպիսի հմտություններ ինչպիսիք են Թիմային աշխատանքը, Ժամանակի  կառավարումը Problem Solving (Խնդիրներին օպտիմալ լուծում տալը), Աշխատանքի և թիմի հանդեպ դրական վերաբերմունքը և այլն, նույնքան կարևոր են, որքան տվյալ մասնագիտության համար պահանջվող մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները», – հավելեց staff.am Հաղորդակցության գծով տնօրեն Նազելի Բադալյանը։

Աշխատավարձերի ուսումնասիրությունը թվային տեսքով ցույց է տալիս այն պատկերը, որ կա ՀՀ աշխատաշուկայում այսօր։ Մասնավորապես, մեծ տարբերությամբ մյուս ոլորտների հետ գերիշխում է Ծրագրավորող ինժեներների աշխատավարձերը, թոփ հնգյակում առաջին 4 մասնագիտությունները ՏՏ ոլորտից են, ընդ որում, եթե դիտենք տարիների փորձի հետ աճի դինամիկան, ապա ՏՏ ոլորտի աշխատանքներում այն վառ արտահայտված է։ Ըստ հարցման մասնակիցների Մարքեթինգի ոլորտի և Վեբ/Գրաֆիկ դիզայներ մասնագետների աշխատավարձերն ավելի բարձր են, քան Բանկային ոլորտում, սակայն իրականում պատկերը մի փոքր այլ է։ Բանկային ոլորտում բարձր պաշտոնյաների աշխատավարձն այստեղ հաշվի առած չէ, այսինքն` գործ ունենք միջին և միջինից մի փոքր բարձր պաշտոնների հետ։

Աշխատավարձերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների և փորձի
Ամենապահանջված մասնագիտությունների և ՄՌԿ-ի համար

Մինչև 1 տարի/ինթերն 1-2 տարի 2-4  տարի 4-6  տարի 6-10  տարի 10-15  տարի
Ծրագրավորում 214,000 311,000 661,000 944,000 1,118,000 1,570,000
Վաճառք/Սպասարկում 123,000 137,000 140,000 170,000 265,000 300,000
Մարքեթինգ/Գովազդ 13,7000 170,000 350,000 430,000 585,000 864,000
Բանկային/Վարկային գործ 156,000 189,000 283,000 351,000 437,000 480,000
Ադմինիստրատիվ/Օֆիսային 108,000 128,000 167,000 108,000 238,000 255,000
Որակի կառավարում(QA) 154000 318000 443000 606000
Կրթություն/Գիտություն 55,000 69,000 109,000 141,000 176,000 190,000
Հաշվապահություն/Հաշվետարություն 107,000 126,000 190,000 205,000 319,000
Վեբ/Գրաֆիկ դիզայն 141,000 188,000 376,000 666,000 865,000
Մարդկային Ռեսուրսների կառավարում148,000202,000240,000298,000527,000

Աշխատավարձերի առումով ունենք հետևյալ կանխատեսումները՝ ՏՏ ոլորտում կշարունակվի դինամիկ աճը, կախված ՀՀ՝ նոր ՏՏ ընկերությունների մուտքով բարձրացումը կարող է տատանվել 10-22% միջակայքում, աշխատավարձի բարձրացում կդիտվի Վաճառքի այն մասնագետների մոտ, որոնք հիմնականում աշխատում են տեխնոլոգիական ոլորտում։ 5-8,5% աճ կդիտվի նաև Մարքեթինգի ոլորտում։ Ըստ մեր կանխատեսումների ավելի տրադիցիոն ոլորտներում, ինչպիսիք են Ֆինանսաբանկային, Արտադրություն, Խորհրդատվություն և այլն, 2020-ին աշխատավարձերի էական փոփոխություն չի արձանագրվի։

Աշխատաշուկայի թվայնացման մակարդակը ՀՀ-ում դեռ զարգացման սկզբնական փուլերում էն, մասնավորապես, անհատների և գործատուների կողմից համապատասխանաբար աշխատանք և աշխատակից փնտրելու առկա գործիքները օգտագործվում են ոչ լիարժեք։

Շատ ընկերություններում առկա է թղթային տարբերակով ինքնակենսագրականների, կամ լավագույն դեպքում, էլ․ փոստի միջոցով աշխատանքի դիմումներ ընդունելու արմատացած մշակույթը։

Թվային հարթակներում առկա բոլոր աշխատանքի հայտարարությունների ընդամենը 7․5%-ն է բաժին ընկնում մարզերին, այն էլ հիմնականում մասնաճյուղերի մեծ ցանց ունեցող և Երևանում գլխամաս ունեցող ընկերություններին։

Պետ․ ոլորտն աստիճանաբար անցում է կատարում թվային լուծումների, մասնավորապես 2019թ․-ի ընթացքում staff.am-ի միջոցով իրենց թափուր աշխատատեղերի մասին հայտարարել են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարությունները, ՀՀ Վարչապետի ապարատը, ՀՀ Ազգային Ժողովը և այլ կառույցներ։ Հույս ենք հայտնում, որ պետական ոլորտում հավաքագրման թվայնացման գործընթացը կզարգանա և կկատարվի փոփոխություն նաև օրենսդրական մակարդակում։ Թվայնացման գործում մեծ դեր ունի իրազեկումը, որի մի մասն էլ կազմում է staff․am-ի կողմից կատարվող ամենամյա ՀՀ աշխատաշուկայի վերլուծությունը։