Արտակ Իսախանյանը Վաղարշապատի հիվանդանոցի նախկին ժամանակավոր պաշտոնակատարն է: Դժգոհ էր օրերս կայացած հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքներից: Նրա կարծիքով, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անարդար որոշում էր կայացրել, որ մրցույթի հաղթող իրեն չէր ճանաչել: Ավելի ուշ Իսախանյանը կարծիքը փոխել էր:
Արտակ Իսախանյան, Վարաղրշապատի հիվանդանոց ՊՓԲԸ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար – Ես ինձ չթերագնահատելով՝ համարել եմ, որ ես եմ արժանի թեկնածու: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Բայց օրենքն իրեն թույլ էր տալիս, որպեսզի 3 հաղթողներից ցանկացածի հետ կնքեր պայմանագիր և ինքը, ըստ ինձ, արժանի մարդու հետա կնքել: Ինձ էլ եմ համարում արժանի, բայց ոչ մի խնդիր չկա:
Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար ներկայացրել էին 16 հայտ: Մրցույթին ներկա էր 11 հայտատու: Արմավիրի մարզպետի գլխավորությամբ հանձնաժողովն ուսումնասիրեց մրցույթի փաթեթները: 3 փուլով անցկացված մրցույթում, ըստ մարզպետի, անցողիկ շեմը հավասար միավորներով հաղթահարել էր 3 թեկնածու: Նրանց հետ առանձնազրույցից հետո, տնօրենի պաշտոնում Մաթևոսյանը տեսել էր Գոռ Ասատրյանին:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան – Մի շարք հանգամանքներ եմ հաշվի առել, առանձնազրույց եմ ունեցել թեկնածուի հետ և հավատացած եմ եղել, որ ամենալավ թեկնածուն ինքը կարող էր լինել: Նորից եմ ուսումնասիրել փաստաթղթերը՝ վստահ լինելու համար, որ ինքը լավ կաշխատի:
Գոռ Ասատրյանը Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի պաշտոնը ստանձնել է 3 տարի ժամկետով: Զարգացման ծրագրում երկու կարևոր կետ ունի:
Գոռ Ասատրյան՝ «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ տնօրեն – Ունենալ հզոր հիվանդանոց, որակյալ բժշկական սպասարկում իրականացնող հիվանդանոց Էջմիածին քաղաքում:
Ասատրյանի խոսքով, եթե մեկ տարվա ընթացքում չկարողանա իրականացնել այդ նպատակները, կհամարի, որ թերի է աշխատել: Դրա համար գործընկերների աջակցությունն է խնդրում, այդ թվում՝ Արտակ Իսախանյանի:
Արտակ Իսախանյանը մեր լավ բժիշկն է, ընկերը: Միասին աշխատել ենք, աշխատելու ենք, քանի որ հարցը անձի հետ չի կապված: Իսախանյանի և մյուս թեկնածուների նպատակը եղել է հիվանդանոցը առողջացնել և մեր հասարակությանը տալ հնարավորություն՝ առանց երերալու դիմել մեզ օգնության:
Վաղարշապատի հիվանդանոցն ունի երկու մասնաշենք: Մեկը կառուցվել է 50-ականներին, մյուսը՝ 80-ականներին: Երկու մասնաշենքն էլ խիստ վերանորոգման կարիք ունեն: Հիվանդանոցում նաև բուժսարքավորումների և նեղ մասնագետների պակաս կա: Այստեղ տարեկան 3 -4 հազար մարդ է բուժօգնություն ստանում: