60-ականներին կառուցված Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքի դպրոցը մինչ օրս չէր վերանորոգվել: Առավել անմխիթար վիճակում էին գտնվում դպրոցի տանիքն ու պատուհանները: Արմավիրի մարզի Հրատապ ծրագրի շրջանակներում ապրիլից սկսվել է դպրոցի վերանորոգումը: Առաջին փուլով հիմնովին կփոխվի դպրոցի տանիքը, դռներն ու պատուհանները, որի համար հատկացվել է 57 մլն դրամ: Նշված աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է Բաղրամյանշին ընկերությունը: Դպրոցի տնօրեն Սամվել Խաչատրյանը գոհ է շինարարների աշխատանքից: Ըստ նրա, դպրոցում դասերն անցկացվում են նորմալ հունով, շինարարական աշխատանքները որևէ խոչընդոտ չեն հանդիսանում դասապրոցեսի անցկացման համար: Հիշեցնենք, որ տարեսկզբին, այսինքն՝ ջեռուցման սեզոնին, Նոր Արտագերսի միջնակարգ դպրոցում հեղուկ վառելիքից գազային թունավորման դեպք էր արձանագրվել: Դպրոցի տնօրենը հույս ունի, որ այս տարի կլուծվի նաև լոկալ ջեռուցման համակարգի անցկացման հարցը, քանի որ նոր պատուհանների տեղադրման դեպքում դպրոցն այլևս վառարաններով ջեռուցելն անհնար կլինի: Ըստ Խաչատրյանի երկրորդ և երրորդ փուլերով նախատեսվում է դպրոցի ներքին հարդարման և լոկալ ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները, բայց ժամկետները դեռ հստակեցված չեն: