«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը Էջմիածին քաղաքում, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում բացել է «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագրով ցուցահանդես: Ինչպես տեղեկացանք ծրագրի համակարգող Անուշիկ Մկրտչյանից, ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվել էր նաև քննարկում Արմավիրի մարզի հասարակության և վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանի, վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի և տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի հետ: Ըստ Անուշիկ Մկրտչյանի, քննարկումը նպատակ ունի մեծացնել կառավարության անդամների և հասարակության շփման հնարավորությունները, իսկ քանի որ հանդիպումն Արմավիրի մարզում էր, բանախոսներին ուղղված հարցերի գերակշիռ մասը գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին ու առկա խնդիրներին էին առնչվում:
Երկու ժամից ավելի տևած քննարկումը լայն հնարավորություն էր արմավիրցիների համար հենց կառավարության անդամներից լսել ու պատկերացնել գյուղատնտեսական մարզի հետագա ճակատագիրը և կառավարության կողմից գյուղոլորտում նախատեսվող ու իրականացվող բարեփոխումների մասին: Տնտեսագետ Գրիգոր Նազարյանի կարծիքով ոլորտում անելիքներ շատ կան, գյուղատնտեսության բնագավառն ամբողջությամբ վերանայելու և բարեփոխելու կարիք է զգում, պետք է ուշադրություն դարձնել ներդրողների առաջարկներին, մթերման ու իրացման հարցերին, արտահանման շրջանակները մեծացնելու և նոր շուկաներ փնտրելու վրա:

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն այսօրինակ միջոցառում կազմակերպել է նաև Երևանում, Գյումրիում և Իջևանում: Մինչև տարեվերջ «Հեղափոխությունից անդին» ծրագրի շրջանակներում կազմակերպությունը նախատեսում է ցուցահանդես և քննարկում կազմակերպել հանրապետության բոլոր մարզերում: Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում ցուցահանդեսը կշարունակի բաց մնալ 2 շաբաթ: Մուտքն ազատ է բոլոր այցելուների համար: