ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցավ Արմավիր քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որին ներկա էին ավագանու բոլոր՝ 15 անդամները: Ավագանու նոր կազմի առաջին նիստի օրակարգը հագեցված էր՝ 21 հարց: Նախ ընդունվեց ավագանու կանոնակարգը, ապա քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ներկայացրեց Արմավիրի քաղաքային համայնքի քառամյա զարգացման ծրագիրը: Արմավիրի քաղաքային համայնքի զարգացման ծրագրում ընդգրկված են՝ խթանել քաղաքաշինության ոլորտում ներդրումային նախաձեռնություններին, ավարտին հասցնել քաղաքային այգում կառուցվող եկեղեցու կառուցապատման աշխատանքները, իրականացնել լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ համայնքային նշանակության փողոցների նորոգման և հիմնանորոգման բնագավառում, բարեկարգել բազմաբնակարան շենքերի բակային տարածքները, իրականացնել Մարշալ Բաղրամյանի կիսանդրու կառուցումը և տեղադրումը, միջոցներ ձեռնարկել անավարտ բնակելի շենքերի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և շահագործման հանձնելու նպատակով, իրականացնել 4 նախադպրոցական հիմնարկների շենքերի հիմնանորոգման աշխատանքներ, ապահովել քաղաքային մսուր-մանկապարտեզների ջրամատակարարումը և ջրահեռացման ներքին ցանցերի վերականգնման շինարարական աշխատանքները, սալիկապատել և պարսպապատել քաղաքային զբոսայգու Ջիվանու փողոցին հարող հատվածի մայթերը, աջակցել քաղաքի անհատական բնակելի թաղամասերի գազաֆիկացման աշխատանքներին, իրականացնել քաղաքային այգու խորքային հորի կառուցման աշխատանքները և այլն: Քառամյա ծրագրի վերաբերյալ հարցեր կա՞ն, – ավագանուն է դիմում քաղաքապետը, – հարցեր չկան, լռում են ավագանու անդամները,- ծրագիրը միաձայն հաստատվում է: Օրակարգի մյուս 20 հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին դրույքաչափերի հաստատմանը, 2012թ. բյուջեի 9 ամսվա կատարմանը, նույնպես հարցեր չեն առաջացնում: Ավագանին միաձայն կողմ է քվեարկում: Առաջին նիստը, որն անցավ ավագանու լիարժեք կազմով, քաղաքապետն արդյունավետ համարեց: