Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը, այնպես էլ Պարույր Հայրիկյանը գյուղատնտեսական մարզ համարվող Արմավիրում չխոսեցին իրենց ծրագրային այն դրույթներից, որոնք կվերաբերեին գյուղատնտեսական մարզի զարգացմանը: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն Արմավիր քաղաքում էր: Թեկնածուն քարոզարշավը Էջմիածին քաղաքում էր սկսել ու միջանկյալ էր արմավիրցիների հետ հանդիպման եկել: Ըստ Հայրիկյանի, հավանաբար նորից կգա, որոշել է քարոզարշավը Էջմիածնում էլ ավարտել, հենց այդ ժամանակ էլ կրկին Արմավիրում կլինի ու այդ անգամ լավ լուրեր կբերի: Հայրիկյանը կարծում է, որ արմավիրցիների հետ երկրորդ հանդիպումը կլինի փետրվարի 16-ին: Օրը հստակեցված չէ, բայց որոշված է, հաստատ գալու է:
Պարույր Հայրիկյանն այս անգամ իր ծրագրերից գրեթե չխոսեց, ծրագրային կարևորագույն երկու դրույթներ միայն նշեց: Դրանք, ըստ թեկնածուի, վերաբերում էին մարդու իրավունքները իր և ժողովրդավարությունը բոլորի պատկերացումներով կետերին: Թեկնածուն չի խոսում աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման մասին, զերծ է մնում նաև խոստումներից, բայց վստահ է՝ նախընտրական իր ծրագրով մրցակից չունի:
Նախագահի թեկնածուն իր անելիքների մասին առավել լավ պատկերացում կազմելու համար խորհուրդ տվեց ներկաներին դիտել «Նորօրյա պատմության մոռացվող էջերից» իր տեսաֆիլմը, որի սկավառակը բաժանվում էր հանդիպման ընթացքում: Հանդիպման ավարտին ներկաներից մեկին հետաքրքրում էր, արդյո՞ք Հայրիկյանը կայցելի գյուղական համայնքներ, թեկնածուն պատասխանում է, կայցելի, եթե որևէ գյուղից հրավեր լինի, այլ կերպ ժամանակը չի հերիքի: