Արմավիրի մարզում շատ տնտեսվարողներ իրենց գործունեությունն են ծավալել հանքարդյունաբերության բնագավառում: Տասնյակ համայնքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ վերածվում են անապատի և ճահճուտների: Ավազահանքի շահագործողները հանքանյութի սպառումից հետո լքում են հանքավայրը՝ իրենց հետևից թողնելով անապատացած տարածքներ:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, բնապահպանության բաժնի պետք Սանասար Բաղդասարյանից տեղեկանում ենք, որ այդ տարածքների մի մասը ժառանգություն է հասել խորհրդային տարիներից: Ստեղծված իրավիճակը սակայն, բարդել միայն խորհրդային տարիների վրա արդարացի չի լինի, քանի որ տենդենցը շարունակվում է նաև մեր օրերում և տարեցտարի գյուղնշանակության հողատարածքները հանքարդյունաբերության պատճառով նահանջ են ապրում:
Հայաստանում գործում է ընդերքի մասին օրենքը, ըստ որի հանքավայրերը շահագործելուց հետո պարտադրվում է կատարել բուսական շերտի վերականգնում, այսինքն՝ ռեկուլտիվացիա:
Այսօր Արմավիրի մարզի ռեկուլտիվացիայի ենթակա 1000 հեկտար հողատարածք կա:
Ըստ Բաղդասարյանի օրենքով սահմանված կարգ գոյություն ունի, ընդերքի պաշարների սպառման դեպքում տարածքը պետք է վերականգնվի, ռեկուլտիվացիա արվի: Նշենք, որ հանք շահագործող բոլոր տնտեսվարողները, մինչև արտոնագիր ստանալը, դրամագլխին օրենքով սահմանված կարգով վճարումներ են կատարում:
Ընդերքի մասին ՀՀ օրենքի 70 հոդվածի 4 կետի համաձայն լիազոր մարմինը, այս պարագայում էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, պատասխանատու է հանքավայրերի փակվելուց հետո հողատարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքների համար: Նույնիսկ եթե տնտեսվարողը այն չիրականացնի, ապա լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին պարտավոր է իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ: