Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան համայնքներն ունեն ենթակառուցվածքների բարելավման, տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման և այլ բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը, բնակչության կենսամակարդակի բարձրացման տեսանկյունից, խիստ կարևոր է: Այս նկատառումներից ելնելով, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և արգենտինահայ գործարար Էդուարդո Էրնեկյանը ստորագրեցին համաձայնագիր <<Հայկական գյուղի վերածնունդ, զբաղվածության ապահովում և եկամուտների ստեղծում>> ծրագրի շրջանակներում: Հուլիսի 12-ին Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Արտամետ համայնքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և գործարար Էդուարդո Էրնեկյանը հանդիպում ունեցան բնակիչների հետ և մեկնարկեցին ծրագրի առաջին փուլը: Ծրագրի ընդհանուր արժեքը 230.000 ԱՄՆ դոլար է, որից 204.000 ԱՄՆ դոլարը կհատկացվի <<Ֆուրթֆուլ Արմենիա>>-ի, իսկ 26.000 ԱՄՆ դոլարը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից: Ծրագրը հնարավորություն կտա գյուղատնտեսական գործունեության զարգացման համար ստեղծելու նոր տեխնոլոգիաներ: Կիրականացվի նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում` ագրոարդյունաբերական գործունեության վնասակար ազդեցությունները կանխելու նպատակով: Համայնքային զարգացման ծրագրերի մշակման գործընթացի առաջին փուլն արդեն սկսվել է: Պատրաստ է Արտամետ համայնքի 2012-2014թթ զարգացման ծրագրերի նախնական տարբերակը, ըստ որի համայնքի առաջնահերթ հիմնախնդիր է համարվել խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցումը: Հաջորդ փուլերով գյուղում կլուծվեն խորքային հորերի հիմնանորոգման և ջերմատների կառուցման հարցերը: