Արմավիրի մարզում անասնապահների շրջանում խուճապ է սկսվել, անասնակերը սպառվում է, իսկ առաջարկվող խոտի գինը կրկնակի թանկացել է: Այսօր մեկ կիլոգրամ խոտի շուկայական գինը բարձրանալով հասել է 100 – 120 դրամ: Բնականաբար, հատկապես գարնան ամիսներին, երբ գյուղացին մի կերպ է կարողանում հացի խնդիր լուծել, անասնակեր ձեռք բերելը, հատկապես այդ գներով, ետին պլան է մղվում: Ստեղծված իրավիճակում գյուղացուն մի ելք է մնում՝ օր առաջ ազատվել իր ընտանիքի գոյությունը պահպանող խոշոր կամ մանր եղջերավոր անասուններից:
Շատերն անասնակերի սակավությունը կապում են 2012 թվականի չորային եղանակ լինելու հետ, սակայն վիճակագրական տվյալներով անցած տարվա տեղումների ծավալը մոտ է եղել տարեկան միջին ցուցանիշին և, բնական է, անասնակերի սակավության պատճառ չէր կարող հանդիսանալ:
Անասնակերի սակավության հիմնական պատճառներից մեկն այն է, որ 2012 թվականին մեծ քանակությամբ անասնակեր, հատկապես՝ առվույտ, արտահանվեց հարևան երկիր Իրան և գործընթացը շարունակվում է մինչ օրս: Մյուս պատճառը կապված է 2011 թվականին կառավարության կողմից գյուղացիներին տրամադրված անորակ ցորենի սերմացուի հետ: Բանն այն է, որ անասնակերի պաշարը գյուղացին լրացնում է նաև քաղված ցորենի ցողուններով, սակայն 2012 թվականին անորակ սերմացուի պատճառով ինչպես ցորեն, այնպես էլ անասնակեր չստացավ: Այս երկու գործոնը բավարար պայմաններ ստեղծեցին, որ անասնակերը կրկնակի անգամ թանկանա և գյուղացին հայտնվի անելանելի վիճակում:
Գյուղատնտեսության նախարարության այն հայտարարությունը, որ Հայաստանում ավելացել է անասունների գլխաքանակը, տարակուսանքի առիթ է տալիս, քանի որ ստեղծված իրավիճակում անասնապահությամբ զբաղվելը դարձել է ոչ եկամտաբեր զբաղմունք: Արոտավայրերը կրճատվում են, իսկ անասնակերը թանկանում, արդյունքում օրեցօր կրճատվում է անասունների գլխաքանակը և հավանական է մսամթերքի գների թանկացումը: