Անուշադրության մատնված սելավատարը երկրորդ անգամ հեղեղման պատճառ է դարձել, Մայիսյան համայնքի 10 հա հողատարածք ջրածածկման մեջ է: Մեկ շաբաթվա ընթացքում մայիսյանցիները հեղեղման երկրորդ դեպքն են գրանցում: Ստեղծված համապատասխան հանձնաժողովը դեռ ճշտում է հունիսի 9-ի կարկուտի և հեղեղումների վնասի չափերը:
Մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Մայիսյանի հողատարածքները ջրածածկման մեջ են: Հունիսի 16-ի երեկոյան կարճատև անձրևից հետո կրկին անգամ հեղեղվեց Մայիսյան համայնքի հողատարածքները: Այս անգամ հեղեղման պատճառը ոչ թե հորդառատ անձրևն էր, այլ հունիսի 9-ի հեղեղումներից վնասված սելավատարը, որը մինչ օրս մնում է ավերված վիճակում: Մայիսյանի բնակիչ Աբրահամ Սարգսյանը 3 հա հող է մշակում: Սարգսյանի ձմերուկի ցանքատարածությունը և նորատունկ այգին ամբողջովին վնասվել է: Ասում է 5 մլն դրամ է ծախսել հողի մշակության համար, բայց ջուրը նորից լցվել ու ամբողջությամբ վնասել է բույսերն ու տնկիները:
Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը տեղեկացնում է, որ հունիսի 9-ի կարկուտն ու սելավաջրերը վնասել էին Մայիսյանի 46 հա մշակելի հողատարածքները, այս անգամ կրկնակի ջրածածկման մեջ է հայտնվել 10 հա-ը:
Մայիսյանի բնակիչ Արզուման Տոնոյանը և համագյուղացիները վստահ են, հեղեղումների պատճառը անձրևը չէ, սելավատարի անմխիթար վիճակն է:
Գյուղացիները պնդում են, գյուղապետը հաստատում, ասում է, մոտ 30 տարի է սելավատարը չի մաքրվել, ու դա էլ հեղեղումների պատճառ է հանդիսացել: Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը խնդրի առաջնահերթ լուծումը քանդված սելավատարի ամրացման ու մաքրման մեջ է տեսնում:
Առաջին հեղեղումից հետո Արմավիրի մարզպետարանում համապատասխան հանձնաժողով է կազմվել: Եսայի Մովսիսյանն ասում է, որ հանձնաժողովը առայժմ ուսումնասիրություններ է կատարում, վնասի չափերն են ճշտվում, կառավարություն ներկայացնելու համար:
Այս անգամ էլ Եսայի Մովսիսյանը մարզպետարան է դիմել, փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանն է դեպքի վայր եկել, իրավիճակին ծանոթացել: Մայիսյանի գյուղապետը կարծում է, որ հանձնաժողովը նորից տարածքը կուսումնասիրի, վնասի չափը կճշտի ու համապատասխան արձանագրությունը Արմավիրի մարզպետը կառավարություն կներկայացնի: Գյուղապետը նաև հույս ունի, որ այս անգամ կառավարության արձագանքը շուտ կլինի և որ ամենակարևորն է, սելավատարի պատկանելիությունը կհստակեցվի:
Հ.Գ. Չի բացառվում, որ նորից անձրև լինի և նույն սելավատարի պատճառով հարևանությամբ գտնվող հողատարածքներում հեղեղումները կրկնվի: