Արմավիրի քաղաքային զբոսայգին բարեկարգ վիճակում տեսնելու արմավիրցիների ցանկությունը մեծ էր: Զբոսայգին տարիների ընթացքում հայտնվել էր անմխիթար վիճակում, չորացել ծառերը, խաթարվել լուսավորությունը, կոտրվել նստարաններն ու անհետացել պարիսպները: Մի խոսքով զբոսայգի հիշեցնող միայն երկու խորհրդային ժամանակների կարուսելներն ու անվանումն էր մնացել: Իսկ 2004թվ-ին Արմավիրի քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան զբոսայգու սալիկապատման ու լուսավորման աշխատանքներին, ավելի ուշ՝ 2012թ. հունիսին քաղաքապետարանը վերսկսեց այգու բարեկարգման աշխատանքները, տեղադրվեցին նոր նստարաններ, սկսվեց խորքային հորի հորատման ու ոռոգման ջրի ներքին ցանցի անցկացման աշխատանքները, կատարվեց այգու ցանկապատում, որի համար քաղաքային համայնքի բյուջեից հատկացվեց 25 մլն դրամ: Ցանկապատվեց այգու Հանրապետության փողոցի հատվածը: 2013թվ-ին նախատեսվում է ցանկապատել նաև այգու հետնամասը: Այժմ անցնելով հարցի բուն էությանը, հարկ է նշել, որ քաղաքացին մի կողմից ցանկանում է ունենալ բարեկարգ այգի, իսկ մյուս կողմից դրսևորում անփույթ վերաբերմունք իր քաղաքի ու իր զբոսայգու նկատմամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ առավոտյան քաղաքապետարանի աշխատակիցները նկատել են, որ այգու ցանկապատերի վրա տեղադրված լուսավորության լապտերների մեծ մասը չկա, կոտրել են կամ վնասել, միտումնավո՞ր, թե՞ անզգուշությամբ, հայտնի չէ, բայց որ նման վերաբերմունքը կամ արարքն անընդունելի է, դա փաստ է: