Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը Արմավիրի ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնում մարզի սոցիալական ոլորտի մասնագետների մասնակցությամբ անցկացրեց դասընթաց: Դասընթացին ներկայացվեցին կենսաթոշակային բարեփոխումների իրականացման մի շարք ծրագրեր: 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում նախատեսվում է ներդնել պարտադիր կուտակային բաղադրիչը կենսաթոշակային համակարգում: Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադրության սկզբունքով մաս կկազմեն բոլոր այն վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, ովքեր ծնվել են 1974թ. հունվարի 1-ից սկսած: Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցը կկատարի կուտակային վճար իր աշխատավարձի 5 տոկոսի չափով, եթե աշխատավարձը մինչ 500 հզր դրամ է, որին պետությունը կավելացնի լրացուցիչ 5 տոկոս, ապա յուրաքանչյուր վարձու աշխատողի անվամբ կկուտակվի նրանց եկամուտների 10 տոկոսը: Նշված գումարները կմուտքագրվեն համապատասխան կենսաթոշակային հաշիվներին, որոնք, հանդիսանալով յուրաքանչյուր անձի սեփականություն, կարող են տնօրինվել 63 տարին լրանալուց հետո: