Հունիսի 9-ին Ժամը 17:30-ի սահամաններում Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով զգալիորեն տուժել են մարզի Ակնալիճ, Ծաղկունք, Դալարիկ, Արշալույս, Նորավան համայնքները և Մեծամոր քաղաքի մի քանի թաղամասեր: Կարկտախառն անձրևից առաջացած սելավաջրերը լցվել են Նորավան, Ակնալիճ և Մայիսյան համայնքների հողատարածքներ:
Ակնալիճի 400 հա մշակելի հողատարածքում գետնին են հավասարվել բանջարաբոստանային կուլտուրաները, վնասվել խաղողի և պտղատու այգիները: Ակնալիճցի Արամ Հովհաննիսյանը 10 հա հողատարածք ունի, խաղող, պտուղ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ է զբաղվում: Ասում է երեկոյան կարկուտից հետո փորձեցի դաշտ մտնել, բայց սելավաջրերը հնարավորություն չտվեցին, կեսգիշերին է միայն կարողացել այգի հասնել ու աղետի ականատեսը լինել: Անելանելի վիճակում է Հովհաննիսյանը, խնդիրը այս տարվա բերքի կորուստը չէ, այլ այգիների վերականգնումը, որը տարիներ կտևի:

Ակնալիճում բոլորն էլ նույն վիճակում են, հողատարածքներն ամբողջությամբ վնասվել են, մի մասը կարկուտից, մյուս մասը սելավաջրերից: Կարեն Խաչատրյանը առավոտյան է հողամաս եկել, խաղողի այգուց ոչինչ մնացած չի եղել:

Ակնալիճի գյուղապետ Գևորգ Միսակյանը երեկ մինչև կեսգիշեր դաշտերում է եղել, իրավիճակին է ծանոթացել, Արմավիրի մարզպետին է դիմել ու միասին շրջայց են կատարել, առավոտյան էլ համապատասխան հանձնաժողով է ստեղծվել , վնասի չափերն են ճշտվում: Կառավարությունից ակնալիճցիները համապատասխան աջակցություն են ակնկալում: