Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիները, հայտնվելով աննախադեպ ծանր իրավիճակում, փորձեր են կատարում արժանանալու իշխանությունների ուշադրությանը: Այսօր հերթական անգամ 12 գյուղերի գյուղացիական տնտեսություններ հավաքվեցին Արմավիր գյուղում և, ըստ նախնական պայմանավորվածության, շարժվեցին մարզկենտրոն: Նպատակը մեկն էր` մարզպետի միջոցով իշխանություններին ներկայացնել կարկտահարությունից հետո իրենց սոցիալական ծայրահեղ վիճակը:
Արմավիր քաղաքի հրապարակում գյուղացիների հետ հանդիպեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով հորդորեց գյուղացիներին սպասել ևս երկու օր: Բայց քանի որ գյուղացիներն արդեն երկու անգամ երկու օրով ապարդյուն սպասել էին, որոշեցին հասնել մայրաքաղաք և իրենց խնդիրներն անձամբ ներկայացնել իշխանություններին:
Ոստիկանները, արագ կողմնորոշվելով, Արմավիր – Երևան միջպետական ճանապարհի երկրորդ կիլոմետրին խոչընդոտեցին գյուղացիների առաջխաղացմանը: Ճանապարհի այդ հատվածում առաջացավ խցանում, արդյունքում փակվեց միջպետական ճանապարհը:
Գյուղացիները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Ավելի ուշ ժամանեցին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Նրանց բոլոր հորդորները ճանապարհը բացելու և ժամանակ տալու մասին ապարդյուն անցան: Արմեն Գևորգյանը, օգտվելով ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի բարձրախոսից, առաջարկեց յուրաքանչյուր գյուղից 5 ներկայացուցիչ գյուղապետերի հետ միասին գնան մարզպետարան իրենց հետ` քննարկելու հատուցման պայմանները և հետագա անելիքները:
Հանդիպումը գյուղապետերի և մի քանի գյուղացու հետ տեղի ունեցավ դռնփակ մարզպետարանի փոքր դահլիճում: Մեկ ժամ քննարկումից հետո որոշվեց բացել միջպետական ճանապարհը և սպասել կառավարության առաջիկա նիստի որոշմանը:
Որոշման մասին արագ տեղեկացան ճանապարհը փակ պահող գյուղացիները և հրաժարվեցին բացել ճանապարհը:
Ճանապարհը փակ էր արդեն 5 ժամ, պարբերաբար, բացառության կարգով, բաց էին թողնվել զինվորական ավտոշարասյունը, հիվանդանոց և օդանավակայան գնացող ավտոմեքենաները և երեխաներով տուրիստական ավտոբուսը:
Ժամը 16-ին գյուղացիներին կրկին մոտեցան փոխվարչապետն ու գյուղնախարարը մարզպետի ուղեկցությամբ, երկար բանակցությունների արդյունքում գյուղացիները համաձայնեցին սպասել մինչև կառավարության առաջիկա նիստը, այսինքն մինչև մայիսի 23-ը: