2013 թվ-ը գյուղատնտեսության համար այնքան էլ նպաստավոր տարի չհամարվեց: Մայիսի 12-ի կարկուտը մարզի 46 համայնքների բերքը մինչև 50-100 տոկոսով հողին հավասարեցրեց: 22 համայնքում գյուղացիները բերքից զրկվեցին 100 տոկոսով, իսկ 24 համայնքներում՝ 50-80 տոկոսով: Չնայած աղետին, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մարզում համախառն արտադրանքի աճ է գրանցվել: Նախորդ տարվա համեմատ ավելացել են հացահատիկի, բանջար-բոստանային կուլտուրաների, մսամթերքի, կաթնատվության, բրդի ու ձկան արտադրության ծավալները: Մարզպետի վստահեցմամբ 656 հեկտարով ավելացել են նաև մշակելի հողատարածքները, պտղատու և խաղողի այգիները: Ըստ մարզպետի, կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին կառավարությունն աջակցել է ամենահնարավոր տարբերակներով. անվճար սերմնացու և սածիլ է տրամադրել, հողի հարկն ու ջրի վարձն է զիջել, սոցիալապես անապահով ընտանիքներին 50 000-ական դրամ միանվագ օգնություն է հատկացրել, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի նախաձեռնությամբ բացված հիմնադրամով էլ 60000 ընտանիքի 40 000-ական դրամ օգնություն է բաշխվել, իսկ ամենակարևորը 1-3 տարով երկարաձգվել են գյուղացիական վարկերի մարման ժամկետները: Կառավարությունը 350 մլն դրամ է հատկացրել նաև մարզում լրացուցիչ 80 հակակարկտային կայան տեղադրելու համար: Գյուղացիներին օգնության ձեռք են մեկնել նաև Կարմիր խաչն ու Հայ Առաքելական եկեղեցին: Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է, որ տարին աչքի է ընկել նաև ճանապարհաշինության, դպրոցաշինության ու բուժհաստատությունների վերանորոգման և բուժսարքավորումներով վերազինման ծրագրերի իրականացմամբ: Անցնող տարում կարևորագույն խնդիրներից է եղել նաև բնակարանաշինության ու սոցիալական անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը: