Հայաստանում, հատկապես վերջին տասնամյակում, ամենատարբեր մակարդակներում խոսվում է կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց ներգրավվածության խնդիրների մասին: Որքան մոտենում ենք Եվրոպային, այնքան այս արտահայտությունները հաճախակի են դառնում:
Ճիշտ է Հայաստանում կանանց իրավունքները կամ գենդերային հավասարությունը, մեղմ ասած, հեռու է պատշաճ մակարդակ անվանելուց, սակայն այդ փաստը ոչ բոլոր կանանց է մտահոգում: Հայ կանայք, հավատարիմ մնալով Աստծո առաջ տված իրենց հնազանդության խոստումին, անտրտունջ համբերությամբ տանում են իրենց բաժին հասած խաչը: Ստեղծված իրավիճակում մեղադրել միայն տղամարդկանց, այնքան էլ արդարացի չի լինի: Իրականությանը չմեղանչելու նպատակով փորձենք հասկանալ Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավվելու կանանց ցանկությունը:
Արմավիրի մարզում կա 98 քաղաքային և գյուղական համայնք, որտեղ, ըստ պաշտոնական վիճակագրության, բնակվում է 255,8 հազար մարդ: Մարզում կանանց թիվը 11 հազարով գերազանցում է տղամարդկանց թվին: Տնտեսապես ակտիվ 203,1 հազար բնակչության 52,4 տոկոսը կազմում են կանայք: Կանանց քանակական գերակշռությունը բնավ չի նշանակում, որ այն ուղիղ համեմատական կարող է լինել կանանց զբաղվածությանը: Այսպես, Արմավիրի մարզի տնտեսապես ակտիվ 106,4 հազար կանանցից աշխատանք ունի ընդամենը 18,9 հազարը, այսինքն 17,7 տոկոսը տղամարդկանց 23,9 տոկոսի դիմաց:
Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու՞ կանայք գոնե չեն ներգրավվում տեղական ինքնակառավարման մարմիններում: Մինչև վերջին 2012թվ-ի տեղական ինքնակառավարման ընտրությունները մարզում կար 3 կին համայնքի ղեկավար և 12 կին ավագանու անդամ:
2012թվ-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում մարզում 98 համայնքի ղեկավարից միայն երկուսն են կին, իսկ 737 ավագանու անդամից կին են 26-ը: Կանայք ՏԻՄ մարմիններում ընդգրկված են համապատասխանաբար 2 և 3 տոկոսով:
Պատկերն ամբողջացնելու նպատակով արձանագրենք, որ 3 կին համայնքի ղեկավարի թեկնածուներից 2-ն ընտրվել են և 26 կին ավագանու թեկնածուները 100 տոկոսով ընտրվել են ավագանու անդամ:
Թվերից կարելի է մեկ եզրակացություն անել, որ հասարակությունը վստահում է կանանց գոնե առնվազն համայնքի կառավարմանը մասնակցություն ունենալու համար, իսկ թե ինչու՞ են կանայք վերապահումով մոտենում իրենց կարողություններին, դա այլ հարց է: