Մայիսի 3-ին «Արմենիա» Հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրն էր ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ով Սաթիկ Սեյրանյանի հարցերին պատասխանելիս խոստովանեց, որ սխալներ և բացթողումներ եղել են և հավելեց, որ չեն սխալվում միայն ոչինչ չանողները:
Գյուղնախարարի անկեղծությունը, ինչ խոսք, ոգևորեց գյուղացիներին, սակայն Սերգո Կարապետյանն այնպիսի արտահայտություններ արեց, որ գյուղացիները հարձակվեցին հեռուստացույցի վրա:
Օրինակ, գյուղնախարարը հերքեց, որ 2011 թվականին հանրապետություն է նրկրվել անորակ հացահատիկի սերմացու: Ըստ նրա, եղանակային պայմաններն են եղել պատճառը, որ գյուղացին բերք չի ստացել: 2011 թվ-ի անորակ սերմացուի ներկրման փաստը դատարանի որոշմամբ է հաստատվել: Երևի Սերգո Կարապետյանը չուզեց այդ փաստը հիշել, քանի որ անորակ սերմացուի պատճառով տուժած գյուղացիները կգրոհեին գյուղատնտեսության նախարարության վրա:
Նախարարը Արարատյան դաշտավայրի ջրազրկման պատճառ դարձած ձկնարդյունաբերությունն էլ արդարացրեց՝ մեկնաբանելով, որ դա փոքր թերություններով հաջողված ծրագիր է: Այժմ թվերի լեզվով տեսնենք, թե որքանո՞վ է հաջողված ձկնարդյունաբերությունը՝ մի կողմ դնելով Արարատյան դաշտավայրի անապատացման աղետալի վիճակը: Արարատյան դաշտավայրում ձկնարդյունաբերության նպատակով ընդերքից տարեկան 300-400 միլիոն խորանարդ մետր քաղցրահամ ջուր է դուրս մղվում և արտադրվում է 1,5-2,0 հազար տոննա ձուկ: Համեմատության համար նշենք, որ ծախսված ջրի արժեքը 20 անգամ գերազանցում է ստացված ձկան արժեքին: Իսկ եթե հաշվի առնենք, որ ձկնարդյունաբերության պատճառով Արարատյան դաշտավայրի գործող խորքային հորերի 20 տոկոսը չորացել և շարունակում է չորանալ, պատկերն ամբողջական է դառնում:
Հաղորդման նթացքում Սերգո Կարապետյանը խոսեց նաև դիզվառելիքի աջակցության ծրագրից՝ համարելով, որ շուկայականից 10 դրամ ցածր գնով դիզվառելիքի տրամադրումը մեծ լավություն է գյուղացուն: Միջին հաշվով գյուղացուն տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի 20 կամ 40 լիտր դիզվառելիք և այդ լավությունը կարող է հասնել 400 դրամի:
Գյուղնախարարի կաթի մթերման գների հետ կապված արտահայտությունը ստվեր գցեց մնացած բոլոր ասվածների վրա: Սերգո Կարապետյանի հաշվարկներով ամառանոցային պայմաններում կովի կաթի ինքնարժեքը կազմում է 20 դրամ: Նախարարը չհուշեց անասնապահներին, թե որտեղ են գտնվում Հայաստանի անվճար արոտավայրերը, առանց աշխատավարձի կթվորները, անասուն արածացնողներն ու խնամողները: Վերջապես կովն էլ կյանքի տևողություն ունի:
Կարելի էր մեջբերումներ անել կապված մթերման գների հետ: Ըստ Սերգո Կարապետյանի, իբր շուկան է թելադրում գինը: Կարելի է մի 2 բառով ասել, որ մենաշնորհների առկայության դեպքում գները ոչ թե ձևավորվում, այլ թելադրվում են: