Նախորդ շաբաթ Արմավիրի քաղաքային զբոսայգում նորից ծառատունկ իրականացվեց: Արմավիրի մարզային ու քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ զբոսայգում 450 դեկորատիվ ծառ տնկվեց: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն էլ խոստացավ՝ արմավիրցին շուտով կունենա կանաչ ու ծաղկապատ զբոսայգի: Այգում հորատվում է նաև խորքային հոր, որը շահագործման կհանձնվի հաջորդ ամսին, իսկ մինչ այդ նորատունկ ծառերը կոռոգվեն այլընտրանքային եղանակով,- վստահեցրեց Արմավիրի քաղաքապետը: Այսօր այգու նորատունկ ծառերը ոռոգվում էին ջրատար մեքենաներով բերվող ջրով:
Նշենք, որ քաղաքային զբոսայգում չորացել էին նախկին ծառերը, անապատի վերածվել կանաչապատ տարածքները: Պատճառը ոռոգման համակարգի բացակայությունն էր,- վստահեցնում էին քաղաքային իշխանությունները: Նոր խորքային հորի հորատման համար ներդրվել է 14 մլն դրամ, 6-ը՝ մարզպետարանի, 8 մլն դրամը՝ քաղաքային համայնքի բյուջեից: