Արմավիրի մարզում ոչ թե ցեցն է վնասում կարտոֆիլը, այլ շուկայի արևն ու իրացման դանդաղ տեմպերը: Ծաղկունքցիներն այս տարի գոհ են կարտոֆիլի բերքատվությունից, բայց իրացման հետ կապված խնդիրներ ունեն: Կարտոֆիլն անգամ 30 դրամով վաճառել չեն կարողանում: Շատերը նույնիսկ կարտոֆիլը հողից հավաքելն են անիմաստ համարել, այն դեպքում, երբ 250 դրամով սերմացու են գնել ու հեկտարներով կարտոֆիլ տնկել: Մշակության ընթացքում ֆինանսական մեծ ներդրումներ ենք կատարել,- վստահեցնում են արտադրողները, հիմա ծախսի 50 տոկոսն անգամ դուրս չի գալիս, կարտոֆիլը խոտից էժան, որպես անասնակեր ենք վաճառում,- ասում են հիասթափված ենք գյուղատնտեսությունից, վիրավորված համապատասխան մարմինների անտարբերությունից: Ասում են մինչև գյուղնախարարությունը բերքատվության աճի թիվ է հորինում, մենք վարկերն ու պարտքերը մարելու ելք ենք փնտրում: Ծաղկունքի բնակիչներին բախտակից ընկեր են Հովտամեջի արտադրողները: Նրանք էլ վստահ են, որ, եթե այս տեմպերով շարունակվի, գյուղատնտեսությունն անդունդի եզրին կհայտնվի: Վերջիններս վստահ են, որ միայն <<գյուղատնտեսությունը զարգացնելու ենք>> նախադասությամբ գյուղմթերք չի արտադրվի, և հովտամեջցին հաջորդ տարի հողագործությունից կհրաժարվի: Նկատենք, որ Արարատյան դաշտի հողերի 30 տոկոսից ավելին անմշակ է, իսկ ամայացած կամ անապատի վերածված գյուղնշանակության այդ բերրի հողերն արդեն հուշում են գյուղատնտեսության զարգացման տեմպերի մասին: