Զարթոնքի բնակիչ Ռաֆիկ Աբովյանը զայրացած է. 4 հեկտար հողատարածք ոռոգման ջրի պատճառով չի մշակում, տնամերձ հողամասն էլ ոռոգում է բացառապես կոյուղաջրով:
Արմավիր և Մեծամոր քաղաքների գլխավոր կոյուղագծի վթարից հետո կոյուղաջրերը սկսեցին հոսել Սև ջուր գետ: Փաստն առանձնապես չէր անհանգստացնում գյուղացիներին, քանի որ կոյուղաջրերի քանակը փոքր մաս էր կազմում գետի ջրերում: Գետը ցամաքեց և Սև ջուր գետի հունը մնաց կոյուղաջրերի տիրապետության տակ:
Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյան ՝ – Էսօրվա դրությամբ Սև ջրում մի լիտր ջուր չկա, ահավոր վիճակա էս 40 աստիճան շոգին ջուր չունենալը, ամբողջ Արմավիր, Մեծամոր քաղաքների կոյուղին լցվումա Սև ջուր, ընդեղից անցնումա պոմպակայան և մղվում դեպի դաշտեր, սա անթույլատրելիա: Ամեն վայրկյան կարողա խոլերա լինի: Մենք կառավարությունից խնդրում ենք 10 հատ խորքային հորի հարց լուծի, որ ժողովուրդը պրծնի էս խոլերայից:
Նման իրավիճակում է հայտնվել ևս 4 համայնք: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Ինեսա Գաբայանը տեղում փորձեց ծանոթանալ ստեղծված իրավիճակին: Ըստ նրա, խնդիրը խորքային է և մեկ կառույցի լուծելու հարց չէ:
Ինեսա Գաբայանի խոսքով կոմիտեն արդեն դիմել է կառավարություն 12 խորքային հորերի վերականգնման և 12 նոր հորերի կառուցման համար, որը կլուծի նշված 5 համայնքների 1500 հեկտար հողատարածքների ոռոգման հարցը: Դրանով կլուծենք թե՛ սանիտարական տեսակետից, թե՛ ջրով ապահովելու հարցը ասաց Գաբայանը:
Ինեսա Գաբայանից տեղեկացանք, որ Արմավիրի մարզի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն և Վարդանաշեն համայնքներում 12 հորերի վերականգնման և ևս 12 հորերի հորատման համար, անհրաժեշտ է շուրջ 665 մլն դրամ: Սպասում են կառավարության արձագանքին:
Ջրօգտագործողների ընկերությունների աջակցություն խմբի համակարգող Կարեն Դադոյանի մեկնաբանությամբ, դեռևս 1980-ական թվականներին սահմանված էր արտեզյան ավազանից օգտագործվող ջրի չափաքանակ, որը կազմում էր 34,7 խմ վարկյանում: Նման ելքով պահպանվում էր արտեզյան ավազանի հավասարակշռությունը:
Կարեն Դադոյանի խոսքով վերջին 15 տարիներին փաստացի միջինը տարեկան օգտագործվում է 55 խմ վրկ ջուր, որը գերազանցել է սահմանված քվոտան 20 մետր խորանարդ վայրկյանով: Ըստ Դադոյանի նշված 34,7-ից նախատեսված էր ձկնաբուծության համար օգտագործել 12 խմ վայրկյանում ջուր , սակայն ձկնաբուծական տնտեսությունները փաստացի օգտագործել են 35 խմ վրկ-ում ջուր: Այդ անխնա և անբարեխիղճ օգտագործման արդյունքում չունենք Սև ջուր գետը: Եթե ձկնաբույծները նույն տեմպով շարունակեն ջրի օգտագործումը, մենք եղածն էլ կկորցնենք, ասաց Դադոյանը: