Սեպտեմբերի 2-ին, երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում տեղացած անձրևն ու կարկուտը վնաս են հասցրել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի գյուղատնտեսությանը, անասնապահությանն ու նորակառույց դպրոցի շենքին: Սելավատարը, որն ըստ գյուղացիների, ժամանակին չի մաքրվում, անձրևաջրերից վարարել և բնակելի տներն ու անասնագոմերն է լցվել: Սելավաջրերից ընտանի կենդանիներ են ջրահեղձվել, շատ բնակիչների այգիներն են տուժել:
Ըստ Խանջյանցիների խնդիրը նրանում է, որ երկար տարիներ սելավատարը չի մաքրվել և ջուրն ափերից դուրս է եկել, իսկ ահա մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է, որ սելավատարն ընդամենը երկու տարի առաջ է մաքրվել, բնակիչներն են սելավատարն աղբով լցրել, որի արդյունքում ջուրը հոսելու տեղ չի ունեցել: