Խաղողի մթերման մեկնարկը սեպտեմբերի 7-ին Արմավիրում տրվեց «Արարատ» գինու, կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում: Այստեղ մթերում են ռկածիթելի տեսակի խաղողը, մեկ կգ-ը 150 դրամով: Արմավիրի խաղողագործներին թերևս սակագինն այնքան էլ չէր գոհացնում, սակայն, ովքեր պայմանագիր ունեին «Արարատ» գինու, կոնյակի գործարանի հետ, համենայն դեպս իրացման խնդրի առջև չկանգնեցին: Մարզի մի շարք համայնքների խաղողագործներ սակայն մթերման խնդիր ունեն: Մի խումբ գյուղացիներ իրենց բողոքն արտահայտելու համար այսօր փորձել էին փակել Արմավիր-Երևան պետական նշանակության ճանապարհը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպումից հետո գյուղացիները հրաժարվել են ճանապարհը փակելու մտքից և որոշել հարցի լուծումը գտնել համատեղ քննարկման արդյունքում: Ճանապարհին հավաքված խաղողագործներին մարզպետը խոստացել էր, որ այն մթերող կազմակերպությունները, որոնք առայժմ չեն սկսել մթերումը, կսկսեն սեպտեմբերի 20-ից: Գյուղացիները սակայն պնդում են, որ հասունացած խաղողի համար նույնիսկ մեկ օրը նշանակություն ունի:
Ավելի ուշ խաղողագործները որոշեցին կրկին մարզպետի հետ հանդիպել: Այս անգամ հանդիպման վայրը մարզպետարանի բակում էր: Նրանք պնդում էին, որ խաղողի մթերման ուշացումը միտումնավոր է կատարվում, մթերող կազմակերպությունները փորձում են սակագինն իջեցնել, բացի այդ խաղողի որակն է ընկնում, քաշի կորուստ է գրանցվում:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գյուղացիներին ևս մեկ անգամ վստահեցրեց՝ ոչ մի կիլոգրամ խաղող վազերին չի մնա, կմթերվի մինչև վերջին կիլոգրամը: Նրանք, ովքեր գործարանների հետ պայմանագրեր չունեն, այդ խնդիրը ևս կլուծվի,- ասաց մարզպետը:
Մենք փորձեցինք «Նոյ» գինու, կոնյակի, օղու գործարանի Ամասիայի մասնաճյուղից ճշտել, գործարանը խաղողի մթերումը սկսե՞լ է, թե՞ ոչ: Գործարանի դռների մոտ մեզ դիմավորող անձը հայտնեց, որ գործարանում ոչ ոք չկա, որպեսզի մեր հարցերին պատասխանի, սակայն ավելացրեց, որ իր տեղեկությամբ երկուշաբթի օրվանից գործարանը կսկսի խաղողի մթերումը: