Արարատյան դաշտում լոլիկի բերքատվության մակարդակն այս տարի բարձր է: Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում սկսվել է լոլիկի մասսայական բերքահավաքը: Բերքատվությունից գյուղացիները գոհ են, իսկ իրացման հարցով՝ մտահոգված: Սարդարապատցի 66-ամյա Վարթեր Առաքելյանը լոլիկի մշակության համար այս տարի ներդրել է մոտ 600 հզր դրամ, առայժմ ստացել է 180 հզր դրամի եկամուտ: Տիկին Վարթերը վստահ է, որ լոլիկի բերքահավաքը կարող էին սկսել դեռ հուլիսի վերջին, մինչդեռ գործարանը մթերումը սկսել է օգոստոսի 10-ից: Բերքահավաքի ուշացման արդյունքում փչացել է լոլիկի բերքի մոտ 50%-ը: Տիկին Վարթերի հարևանները նույնպես նույն խնդրի առաջ են կանգնել, տարբերությունը միայն նրանց հողակտորների չափի մեջ է: Սարդարապատի բնակիչները լոլիկի մթերման համար պայմանագիր են կնքել Արմավիրի <<ՄԱՊ>> կոնյակի և գինու գործարանի հետ: Ինչպես հավաստիացնում է գործարանի պահածոների բաժնի արտադրության պետ Թերեզա Շահինյանը, այս տարի լոլիկի մթերման աշխատանքները սկսվել են օգոստոսի 10-ից և կշարունակվեն մինչև հումքի սպառումը: Գործարանն օրական մթերում է 250 տոննա լոլիկ, արդեն մթերել է 2500 տոննա: Մթերումը կատարվում է միայն պայմանագրով,- ասում է Շահինյանը և ավելացնում, որ լոլիկի 1 կգ-ը մթերվում է 35 դրամով, ինչը շուկայականի համեմատ նորմալ սակագին է համարվում: Գյուղացիներն էլ դժգոհ չեն սահմանված սակագնից, բայց դժգոհում են բերքի կորստից, ինչի պատճառը ուշ մթերումն են համարում: Ըստ Թերեզա Շահինյանի մթերման ուշացման պատճառ են հանդիսացել տարաները, որոնք ուշացրել է պատվեր ընդունող գործարանը, արդյունքում տարաները գործարան են հասել օգոստոսի 10-ին, որին էլ անմիջապես հաջորդել է մթերման մեկնարկը: