Արմավիրի մարզի Լենուղի համայնքի երկհարկանի 3 շենք 1988թ երկրաշարժի հետևանքով կրել է մեծ վնասներ և ստացել 4-րդ կարգի վթարային շենքի կարգավիճակ: Նշված երեք շենքերում 30-ից ավելի ընտանիք է ապրում, ահով ու վախով, որ մի օր շենքը փուլ կգա: Երկրաշարժից հետո բնակիչներին տարհանել են վթարային համարվող այդ շենքերից, վրաններ հատկացրել ու որոշ ժամանակ դրսում ապրելու խորհուրդ տվել: Քիչ ժամանակ անց, այլընտրանք չունենալով բնակիչները կրկին վերաբնակվել են նույն շենքում: Շենքերը կառուցվել են 1934 թվ-ին: Անձրևների ժամանակ բնակարանները ողողվում են անձրևաջրերով : Շենքերի տանիքներն ու պատերն ամբողջությամբ քայքայված, երկհարկանիների փլզուզման վտանգն անհանգստացնում է բնակիչներին: Շենքերը սեփականաշնորման ենթակա չեն ինչի հետևանքով բնակիչները չունեն սեփականաշնորման վկայականներ, որի հետևանքով նորածիններ ու զորացրված զինակոչիկները չունեն նաև հաշվառման հասցե: 25 տարի շարունակ նրանք դիմում են բազմաթիվ կառույցների օգնություն ստանալու ակնկալիքով: Գյուղապետարանը շենքերն ամրացնելու կամ բնակիչներին այլ բնակարաններով ապահովելու միջոցներ չունի: Արմավիրի մարզպետարան այս հարցով դիմել են 2003թ-ին, դրական տեղաշարժ չի եղել: 2012թ Լենուղու բնակիչները կրկին նամակով դիմել են Արմավիրի մարզպետարան: Պատասխանը չի ուշացել, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցրել է, որ հարցն արդեն բարձրացել է ՀՀ կառավարությունում: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը նույնպես ծանոթացել է շենքային պայմաններին ու հայտնել այն համոզմունքը, որ բնակիչներին անհրաժեշտ է շտապ տեղահանել վթարային շենքերից: 25 տարի շարունակ բնակիչները համբերել են և դիմացել դժվարին պայմաններին, այսօր նրանք հույս ունեն, որ կառավարությունը կաջակցի իրենց ու նոր բնակարաններ կհատկացնի: