Հայաստանում գյուղատնտեսական տարին կարելի է ավարտված համարել և, ինչպես ասում են, եկավ ճտերը հաշվելու ժամանակը: Տարին անմասն չմնաց բազմաթիվ խնդիրներից՝ բնական աղետներ, անորակ թունաքիմիկատ, անորակ սերմացու, վարկերի բարձր տոկոսադրույքներ և այլն:
Փորձենք հասկանալ, թե որքանով իշխանությունները կատարեցին գյուղմթերքների իրացման իրենց տված խոստումները:
Այս տարի Արմավիրի մարզում ծիրանի բարձր բերք ստացվեց և, ինչպես գյուղացիներն էին կանխատեսում, ծիրանի մթերումը դարձավ օրհասական խնդիր: Ծիրանի բերքահավաքի սկսելուն պես հայտնվեց առաջին գնորդը՝ «Սպայկա»-ն: Գյուղացիների հետ պայմանավորվեց 250 – 400 դրամով գնել բերքը, նույնիսկ արկղեր տրամադրեց: Գյուղացիները ոգևորված սկսեցին բերքահավաքը, սակայն Սպայկան իր տեսակավորող բանվորների միջոցով ընտրեց հավաքած ծիրանի 15-20 տոկոսը և, վերադառնալու խոստում տալով, հեռացավ:
Մյուս մրգերը՝ սալոր, դամբուլ, դեղձ, ընդհանրապես չմթերվեցին, և օրինակ, սալորը շուկայում նույնիսկ 30 դրամով գնորդ չուներ:
Լոլիկ մշակող գյուղացիները, նկատի ունենալով, որ իրացման խնդիրներ կունենան, նախօրոք մթերման պայմանագրեր էին կնքել վերամշակող գործարանների հետ: Արմավիրի մարզում շատ գյուղացիներ պայմանագիր էին կնքել ՄԱՊ ընկերության հետ: Ընկերությունը, գյուղացիների հետ ունենալով հազարավոր տոննաներ լոլիկ մթերելու պայմանագիր, բերքահավաքը սկսելու երրորդ օրը հայտարարեց, որ գործարանում խնդիրներ են առաջացել և մթերման գործընթացը դադարեցնում է:
Հայաստանում կարտոֆիլի մթերում ընդհանրապես չկազմակերպվեց: Արմավիրի մարզի գյուղացիները ստիպված սկսեցին կարտոֆիլի ընտրովի մասը վաճառել 40-50 դրամով, իսկ մնացածը վաճառեցին որպես անասնակեր 25-30 դրամով: Ստեղծված իրավիճակում եղան գյուղացիներ, որ, իրացման խնդիրը նկատի ունենալով, բերքահավաք ընդհանրապես չկազմակերպեցին:
Խաղողի մթերման հարցում նույնպես խնդիրներ առաջացան: Օրինակ, Արմավիրում նորահայտ մթերող կազմակերպությունը՝ «Շահնազարյան» ՍՊԸ-ն, մոտ 500 գյուղացիական տնտեսությունների հետ խաղողի մթերման պայմանագիր կնքեց: Խաղողը պետք է մթերվեր 140 դրամով, կանխիկ վճարումով, բայց ընկերությունը սխալվեց իր հաշվարկների մեջ և մթերված խաղողի դիմաց 300 մլն պարտք մնաց: Գյուղացիների համբերության բաժակը լցվեց և վճարման վերջնաժամկետ պահանջվեց: «Շահնազարյան» ՍՊԸ-ն խոստացավ, որ պարտքերը կմարվեն մինչև հոկտեմբերի մեկը: Մարման փուլը դեռ շարունակվում է:
Ինչպես անցած տարիներին, այնպես էլ այս տարի գյուղացու ամենամեծ խնդիրը եղել և մնում է իրացման խնդիրը: