«Փի էյչ Ինթերնեյշնլ», «Ընտանիք և համայնք», «Հայ միասնության խաչ» հասարակական կազմակերպությունները ՀՀ Ոստիկանության և Արմավիրի մարզպետարանի հետ համատեղ փետրվարի 28-ին անցկացրեցին կլոր սեղան, որը նվիրված էր Արմավիրի մարզում «Զանգ» ծրագրի կողմից նախաձեռնված համայնքային վերականգնողական կենտրոնների աշխատանքների ամփոփմանը: «Զանգ» ծրագիրը Հայաստանում գործում է 2003թվ-ից՝ սերտ համագործակցություն ունենալով Ոստիկանության հետ: Ծրագրի նպատակն է տարածել իրավական կրթությունը Հայաստանում: Ծրագիրը սկսվել է Հայաստանի միջնակարգ դպրոցներում, որտեղ ոստիկանների և ուսուցիչների մասնակցությամբ անցկացվել են դասընթացներ: 2006թվ-ից սկսած երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանում ստեղծվել են համայնքային վերականգնողական կենտրոններ, որտեղ ուղղորդվում են անչափահաս իրավախախտ երեխաները: Արմավիրի մարզում կա 2 համայքային վերականգնողական կենտրոն, որոնք հիմնվել են հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Փետրվարի 28-ին կայացած կլոր սեղանին ողջույնի խոսքով հանդես եկավ Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, այնուհետև ներկաներն ամփոփեցին «Զանգ» ծրագրի համայնքային վերականգնողական կենտրոնների կողմից իրականացված աշխատանքները:
«Զանգ» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից: Ծրագրի ֆինանսավորմանը 2012 թվ-ից միացել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: