Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջից, նոյեմբերի 8-ին ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և տեղում պարզվել, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ, 1949թ. ծնված Հովհաննես Վարդանյանն իր տան բակում ինքնահրկիզվել է: Տուժածը տեղափոխվում է Էջմիածնի բժշկական կենտրոն: Առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ավելի ուշ, Ոսկեհատ գյուղում, տուժողի հարազատներից տեղեկանում ենք, որ Հովհաննես Վարդանյանն իր տան բակում, որտեղ օրվա մեծ մասն է անցկացնում, նստարանին նստել, ծխել, ապա ծխախոտը կողքին գտնվող տարայի մեջ է գցել, որտեղից էլ հրդեհ է բռնկվել և Վարդանյանը այրվածքներ է ստացել մարմնի ձախակողմյան հատվածում: Հարևանները պատմում են, որ Հովհաննես Վարդանյանը հավասարակշռված մարդ է եղել, ապրել է 100 տարեկան հոր հետ: Հովհաննեսն առողջական խնդիրներ է ունեցել, դժվարությամբ է տեղաշարժվել, դեպքն էլ, որը նրա հետ տեղի է ունեցել, դժվար տեղաշարժման արդյունքում է եղել: Հայրը՝ Մամփրե Վարդանյանը, լսողության հետ խնդիրներ ունի, մինչև դուրս է եկել, հարևաններն արդեն ջուր են լցրել ու կրակը մարել: Հովհաննեսի հարևանուհին, ով առաջինն է օգնության հասել, պատմում է, որ հաճախ է տուժածին օգնության հասնում, երբեմն տեղաշարժվելու հետ կապված խնդիրների հետևանքով Հովհաննեսը վայր է ընկնում ու օգնություն կանչում, այս անգամ էլ, երբ հարևանուհին լսել էր Հովհաննեսի ձայնը, կարծել էր, թե ընկել է, դուրս էր եկել ու հրդեհը նկատել, անմիջապես հարևաններին օգնության էր կանչել, վերջիններս կրակը մարել էին, շտապօգնություն կանչել ու Հովհաննեսին հիվանդանոց տեղափոխել: Վաղարշապատի հիվանդանոցում տուժողին առաջին անհրաժեշտության բուժօգնություն է ցուցաբերվել, այնուհետև Երևանի այրվածքային կենտրոն տեղափոխվել: Հարազատների փոխանցմամբ Հովհաննես Վարդանյանի վիճակը կայուն է: