ՀՀ կառավարությունը, հանձինս վարչապետ Կարեն Կարապետյանի, հանձնարարել է ծրագիր ներկայացնել: Հանձնարարությունը հասցեագրված է ինչպես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, այնպես էլ գործարար միջավայրին: Եթե առաջինները պետք է երևակայությանը տուրք տալով ընդամենը հանձնարարություն կատարեն և վարչապետի քմահաճույքները «յոլա» տանեն մինչև ընտրություններ, ապա երկրորդները՝ ավելի լուրջ մտադրություններ ունեն և ցանկանում են շանսը բաց չթողնել: Սակայն գործարարը Հայաստանի աղքատիկ շուկայում ինչպիսի ֆանտաստիկ եկամուտով ծրագիր պետք է ներկայացնի, որ կարողանա բանկից կամ վարկային կազմակերպությունից տարեկան 24-50 տոկոսով վերցրած վարկը մարի ու հետն էլ շահույթ ապահովի: Հայաստանի իրականության մեջ նման եկամուտ կարող են ապահովել միայն կարմիր գծերն ու արագաչափերը, այլ ոլորտ գործարար աշխարհին հայտնի չէ:
Հայաստանի բնակչության և գործարարների զգալի մասը դարձել են բանկերի և վարկային կազմակերպությունների մանիպուլիացիայի զոհերը: Այսպես, վերցնենք և ուսումնասիրենք մեկ վարկային կազմակերպության մանիպուլիացիաները:
Դիցուկ ՀՀ քաղաքացին ցանկանում է ինչ-որ գործ սկսել, որի համար պայմանականորեն անհրաժեշտ կլինի ներդնել 10 միլիոն դրամ: Վարկ վերցնելու համար կուսումնասիրի բանկային և վարկային կազմակերպությունների առաջարկները, որոնք այնքան էլ իրարից չեն տարբերվում: Բոլորի մոտ էլ տարեկան տոկոսադրույքը տատանվում է 18-24 տոկոսի միջակայքում՝ միայն մի տարբերությամբ, որ բանկերի թղթաբանությունն ավելի շատ է, քան վարկային կազմակերպություններինը: Ենթադրենք անձը որոշեց 24 տոկոս տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով, 10 միլիոն դրամ վարկ վերցնել վարկային կազմակերպությունից: Բնական է, վարկի տոկոսադրույքի և վարկային կազմակերպության պահանջների մասին մասնակիորեն մեր անձին նախօրոք տեղեկացրել է սպիտակ վերնաշապիկով, գեղեցիկ կազմվածքով աղջնակը: Նախնական գործառույթներն անցնելով, պակաս փաստաթղթերը ներկայացնելուց հետո գալիս է սպասված օրը, երբ պետք է մեր անձը երաշխավորների հետ ներկայանա պայմանագիր ստորագրելու: Ու հենց այստեղ սկսվում է կինոն, երբ ապագա գործարարը, ծանոթանալով պայմանագրին և կից հավելվածներին, հասկանում է, որ 24 տոկոս տոկոսադրույքն ընդամենը ծուղակ է: Բանկից ստանալով 10 միլիոն դրամ, պետք է 3 տարում վերադարձնի 17 միլիոն 140 հազար դրամ: Պարզ թվաբանությամբ հասկանալի է դառնում, որ վարկային կազմակերպությունը վարկը տրամադրել է մեր անձին ոչ թե տարեկան 24, այլ 47,6 տոկոսով: Եվ ի՞նչպես է վարկային կազմակերպությունը հիմնավորում իր մանիպուլիացիաները:
Ամենասկզբից գումարը կանխիկ վերցնելու համար մայր գումարի 3 տոկոսը, որն այս պարագայում կազմում է 300 հազար դրամ, երեք տարվա տոկոսադրույքը 24 տոկոսի դեպքում կազմում է 3 միլիոն 600 հազար դրամ: Այժմ ամենակարևորը՝ յուրաքանչյուր ամիս մայր գումարի 0,9 տոկոսը որպես վարկի սպասարկման վճար և ամենազավեշտալին այն է, որ վարկի մարված գումարը հաշվարկից դուրս չի գալիս: Այսպիսով, 36 ամիս պետք է ապագա գործարարը վճարի ամսեկան 90 հազար դրամ, որը կազմում է 3 միլիոն 240 հազար դրամ:
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ լիազոր մարմինը, այսինքն կենտրոնական բանկը ի՞նչ է մտածում այս մասին: Պատասխանը մեկն է՝ այս ամենը մոգոնել է կենտրոնական բանկը, երբ հարցմանը տվել է պաշտոնական պարզաբանում, ըստ որի վարկի սպասարկման վճարները կապ չունեն տոկոսադրույքի հետ և բանկն է որոշում իր մատուցած ծառայության գումարի չափը:
Դե արի ծրագիր ներկայացրու, մտի էս բեռի տակ ու հաջողություն ունեցի: