Գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում կարկուտից: Կարկուտի հետևանքներն են կրում նաև Արմավիրի մարզի մի շարք համայնքներ: Խնդրի կարգավորման համար մարզում տեղադրվեցին հակակարկտային կայաններ: Արդեն 99 հակակարկտային կայան կա մարզի 28 համայնքներում: Ըստ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզն ամբողջությամբ կարկուտից ապահովագրելու համար անհրաժեշտ է տեղադրել ևս 15 հակակարկտային կայան: Առաջին հայացքից ամեն ինչ իդեալական է: Նույնիսկ տեղադրված կայաններով, սպասվող կարկուտի դեպքում, կարելի է փրկել մարզում արտադրվող բերքի ամենամեծ մասը: Բայց խնդիրը շարունակում է մնալ արդիական: Բանը նրանում է, որ կայանները, որոնց գործարկման անհրաժեշտությունն առաջանում է տարվա հենց այս ժամանակահատվածում, նույնիսկ ամենամեծ պահանջի ու ցանկության դեպքում անհնար է օգտագործել: Խնդիրը նրանում է, որ հակակարկտային կայանները պետք է լիցքավորվեն, իսկ դրա համար հակակարկտային կայաններ ունեցող համայնքների ղեկավարները ֆինանսական միջոցներ չեն կարողանում հատկացնել: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այս առիթով խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էր նաև «Հայռուսգազարդ» ՓԲ Ընկերության ենթակայությամբ գործող «Բութան» ՍՊ Ընկերության ներկայացուցիչը: Վերջինս պատրաստակամություն հայտնեց համագործակցել համայնքների ղեկավարների հետ, այն է՝ ընկերությունը հակակարկտային կայանների համար 1 կգ գազը կտրամադրի 580 դրամով, վճարումը՝ 20 օր ժամկետով: Գյուղապետերից մի քանիսը համաձայնեցին պայմանագիր կնքել «Բութան» ԱՊԸ հետ, մի մասը պայմանագիր ունի «Բավրա» ՍՊԸ հետ, իսկ մյուս մասը դեռ մտածում է պայմանագիր կնքել–չկնքելու մասին: Նշենք, որ կան համայնքներ, որոնք «Բավրա»-ի հետ արդեն ունեն պայմանագրեր ու կուտակված պարտքեր, ուստի ընկերությունը, մարզպետի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ոչ այն է հրաժարվեց, ոչ այն է համաձայնեց շարունակել տվյալ համայնքների հետ համագործակցությունը: Իսկ քննարկման արդյունքում պարզվեց, որ «Բութան» ԱՊԸ-ն 100 դրամով ավելի էժան է գազը վաճառում: Մինչև հարցի լիարժեք կարգավորումը և համայնքների ղեկավարների կողմնորուշումը, թե ո՞ր ընկերության հետ և ե՞րբ են կնքելու պայմանագիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում գործարկվեն հակակարկտային կայանները, հավանաբար գյուղացին պետք է աղոթի, որպեսզի եղանակը տհաճ անակնկալ չմատուցի: Կամ էլ բոլորի բախտը կբերի ու կարկտաբեր ամպեր չեն լինի:
Համենայն դեպս, մարզպետը կոչ արեց համայնքապետերին կարճ ժամկետում կարգավորել կայանների լիցքավորման և ընթացիկ սպասարկման հարցերը և թույլ չտալ, որ գյուղացիական տնտեսությունները վնասներ կրեն կարկուտի հետևանքով: Իսկ ընդամենը 4 օր առաջ կարկուտից տուժել են Մյասնիկյան համայնքի բնակիչները: Մյասնիկյանցի Մամիկոն Անտոնյանը վստահեցնում է, կարկուտը վնասել է ծիրանի առնվազն 30 տոկոսը: