«Թող հուշ դառնա վառարանը» կարգախոսով այսօր Թաիրովի միջնակարգ դպրոցի սաները մտան դասարան: Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Թաիրով համայնքի միջնակարգ դպրոցը տարիներ շարունակ ջեռուցվել է հեղուկ վառելանյութի միջոցով, ինչը առաջացրել է բազմաթիվ խնդիրներ, կրճատվել են դասաժամերը, առաջացել հրդեհավտանգ իրավիճակներ և խաթարվել ուսումնադաստիարակչական աշխատանքների ընթացքը: Այս կարծիքին է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Պետրոսյանը: Դպրոցը պետբյուջեի միջոցներով մասնակի վերանորոգվել է 2004թվ-ին, սակայն ջեռուցման համակարգի փոփոխման համար զգալի գումար էր անհրաժեշտ, որը չկար: Այս տարի ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի ջանքերով 24 մլն դրամի ներդրում կատարվեց և դպրոցը ապահովվեց լոկալ ջեռուցման համակարգով: Մասնակի ներդրում է կատարվել Թաիրովի գյուղապետարանի և դպրոցի միջոցներից: Թաիրովի միջնակարգ դպրոցում սովորում է 390 աշակերտ: Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցնում է, որ այսուհետ դասաժամերը կընթանան կանոնակարգված ու տաք դասասենյակներում: Պետրոսյանը նաև հավելեց, որ բազմաթիվ միջադեպեր են առաջացել ծնողների և տնօրինության միջև դպրոցի անբարենպաստ պայմանների, հիմնականում ցրտի հետևանքով: Դպրոցում ապահովված ջեռուցման նոր համակարգին ծանոթացան Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը և Թաիրովի համայնքապետ Սամվել Վարդանյանը: Ուսումնասիրելով դպրոցի շրջակա տարածքը, նրանք վստահեցրին, որ հնարավոր ամեն միջոցառում կձեռնարկվի դպրոցի հետագա զարգացման ու պայմանների բարելավման համար: