Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները խուճապի մեջ են: Կեռասի մշակությամբ զբաղվող գյուղացիները չեն կարողացնել իրացնել չարչարանքով ստեղծված բերքը: Անիրատեսական է մեղադրել բերքատվությանը և պատճառները փնտրել լճացումների մեջ: Նույնիսկ ցրտահարության տարիներին 10 անգամ ավելի շատ կեռաս էր իրացվում, քան այս տարի:
Ամեն տարի կեռասի իրացման առաջատարը եղել է «Սպայկա» ընկերությունը, որը, իրացումից զատ, սակագին էր թելադրում: Այս տարի, մինչ այս օրը, «Սպայկան» չի երևացել համայնքներում: Փորձեցինք «Սպայկա» ընկերությունից ճշտել պատճառները: Ընկերության պատասխանատուն մեզ հայտնեց, որ առայժմ կեռասի համատարած հասունացում չկա, հասունացած է միայն մայիսյան կեռաս տեսակը և, երբ համատարած հասունացում լինի, ընկերությունը կզբաղվի կեռասի արտահանմամբ:
Ավելի քան անհասկանալի էր «Սպայկա» ընկերության բացատրությունն այն առումով, որ այս տարին 2-3 շաբաթ առաջ է ընկած և մայիսյան կեռասի վերջին հատիկն արդեն քաղվել է: Չի բացառվում, որ տարբեր ընկալումներ լինեն մայիսյան կեռաս եզրույթի նկատմամբ: Արմավիրի մարզում ամենատարածված կեռասի տեսակը Ջանֆիդան է, որը կազմում է ընդհանուր կեռասի մոտ 70 տոկոսը և արդեն հասունացել է, իսկ մայիսյան կեռասը, որը մայիսի առաջին տասնօրյակում է հասունանում, 5 տոկոս չի կազմում: «Սպայկա» ընկերության մեկնաբանությունն ավելի շուտ բոյկոտ է հիշեցնում:
Ի՞նչ անի գյուղացին
Գյուղապետերն ուսերը վեր են բարձրացնում՝ ասելով, որ իրենց կեռասն էլ է դաշտում մնացել: Մարզպետ դե յուրե կա, դե ֆակտո չկա, որ գոնե խնդիրն այլ ատյաններ հասցնի: Գյուղնախարարությունն այս գործում չկա: Ճանապարհ փակելու պրակտիկան արժեզրկվել է: Մնում է բերքի տակ կքված ծառերին նայելով մտքում հաշվարկներ անի. որքա՞ն է ծախսել, ինչպե՞ս պետք է ընտանիքի հացի խնդիրը լուծի և ինչպե՞ս բանկի վարկը մարի: