2014 թվ-ին Էջմիածնի քաղաքային համայնքի բյուջեի եկամտային մասը կատարվել է 111,4 տոկոսով: Նախատեսված 1 մլդ 200 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1 մլդ 246 մլն դրամ: Այս մասին իր տարեկան հաշվետվության ժամանակ հասարակությանը հայտնեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Քաղաքապետն իր զեկույցում ըստ բնագավառների ներկայացրեց կատարված աշխատանքները՝ մասնավորեցնելով քաղաքի աղբահանության առաջնահերթ խնդիրները: Կարեն Գրիգորյանը նշեց, որ անցած տարի մոտ 70 մեծ և փոքր նոր աղբամաններ են տեղադրվել քաղաքում, իսկ աղբահանությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով:
Քաղաքապետը նշեց նաև, որ, չնայած կատարված մեծածավալ աշխատանքներին, թերությունները լիովին լուծված չի կարելի համարել: Քաղաքի համաչափ զարգացման խնդիրը մնում է օրակարգում: Էջմիածնի բնակիչ Գայանե Սաֆարյանը նույնպես նկատում է՝ քաղաքի կենտրոնական հատվածն ավելի բարեկարգ է ու կանաչապատ, քան ծայրամասերը: Ինքը նորաստեղծ Անդրանիկ թաղամասի բնակիչ է:
Էջմիածնի քաղաքապետը կարևոր է համարում քաղաքի ոռոգվող կանաչապատ տարածքների ավելացումը: Արդյունքը եղել է այն, որ քաղաքը հաղթող է ճանաչվել 2014 թվ-ին համայնքների ասոցիացիայի կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ անցկացվող «Ամենականաչապատ համայնք» մրցույթում:
2014-ին մեկնարկել է Էջմիածին քաղաքի ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման ծրագիրը, որը ապահովելու է բնակիչներին 24-ժամյա ջրամատակարարմամբ: Քաղաքապետը, արդարացի համարելով բնակիչների դժգոհությունները՝ կապված շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված անհարմարությունների հետ, հորդորեց ըմբռնումով մոտենալ և վստահեցրեց, որ մեկ-երկու տարում ծրագիրը կավարտվի և ճանապարհները կասֆալտապատվեն:
Կարեն Գրիգորյանը զեկույցն ամփոփեց անցած տարի իրականացված 100-ից ավելի մշակութային ծրագրերով և նշեց այս տարվա 3 առանձնապես կարևոր միջոցառումների ցանկը: Դրանք են՝ Եղեռնի 100-ամյակը, երկրորդ աշխարհամարտի 70 և Էջմիածին քաղաքի հոբելյանական 2700-ամյակը: