Սահմանամերձ համայնքների խնդիրներն ավելի շատ են, քան մյուս գյուղերում: Օրինակ՝ Երվանդաշատում, որը հայ-թուրքական սահմանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա է գտնվում, ոռոգման ջրի խնդիր միշտ է եղել, բնական գազից օգտվելու մասին այստեղ նույնիսկ չեն երազում, ճանապարհների անմխիթար վիճակից էլ խոսելն ավելորդ են համարում: Միայն հարևան Բագարան համայնքի հետ համեմատվելով են հասկանում, որ Երվանդաշատում մի փոքր ավելի լավ են ապրում: Այնտեղ ավելի անմխիթար վիճակ է,- ասում են երվանդաշատցիներն ու, որպես օրինակ, մատնանշում խմելու ջուրը: Օրինակ՝ Երվանդաշատում խմելու ջրի շուրջօրյա մատակարարում է իրականացվում արդեն 10 տարի, իսկ Բագարանը շարունակում է գյուղի միակ աղբյուրից օգտագործման համար ջուր կուտակել: Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանը հույս ունի, որ առաջիկա 5 տարիների ընթացքում գյուղում գազամատակարարման հարցը կլուծվի, ասում է նախագահի նախընտրական ծրագրում է ներառված, իսկ ճանապարհների առումով ոչինչ ասել չի կարող: Դե ոռոգման ջրի խնդիրն էլ ասում է միշտ է եղել, հարցի լուծումը չի պատկերացնում: Բայց նկատում է, որ սահմանամերձ գյուղերի համար գոնե կարելի էր թեկուզ ոռոգման ջրի հարցով արտոնություններ սահմանել, որը չկա ու խոսք էլ չկա: Այս հարցում նույն կարծիքն ունի նաև Բագարանի գյուղապետ Ալբերտ Մարգարյանը: Երվանդաշատ համայնքի մասին պատմող տեսանյութն առաջիկայում: