Բռնցքամարտը Միսակի համար կյանք է, նոր աշխարհ, նպատակակետին հասնելու միջոց ու հաջողության գրավական:

Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակիչ 23-ամյա Միսակ Ասլանյանը սպորտով սկսել է զբաղվել մանուկ  հասակից: 17 տարեկանում Հունաստանի Ալեքսանդրապոլիս քաղաքում կայացած Կիկ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ է կնքել թուրք մարզիկի նկատմամբ, այնուհետև Հայաստանում, շարունակելով մարզումները, մասնակցել է մի շարք մենամարտերի: Արդեն 9 ամիս է, Միսակ Ասլանյանն ապրում է Գերմանիայում՝ Հանովեր քաղաքում: Երիտասարդ մարզիկն այստեղ էլ մարզական ակումբներում  շարունակում է մարզումները: 2015թ. հոկտեմբերից մինչև այսօր Միսակը հասցրել է մասնակցել սիրողական բռնցքամարտի 7 մենամարտերի, 2 հաղթանակ է գրանցել քաղաքային մենամարտում, 75 կգ քաշային կարգում վաստակել է 3 քաղաքների մաստերի կոչմանը: Հանովեր քաղաքի առաջին Բունդերս լիգայում 2-րդ ռաունդում նոկաուտով հաղթանակ է գրանցել ռուս մարզիկի նկատմամբ, ով ներկայացնում էր Պրահա քաղաքը, իսկ փետրվարի 20-ին Միսակ Ասլանյանը Շվեդիան ներկայացնող Լորենցո Վելոյի հանդեպ հաղթանակ է տարել Հանովերում կայացած ինտերնացիոնալ մենամարտում:

Եվս 3 մենամարտ Կ1 մարզաձևում Միսակը հաղթանակով է պսակել, որոնցից մեկը՝ նոկաւոտով: Ասլանյանի համար ամենատպավորիչը 2015թ. նոյեմբերի 28-ին Գերմանիայի հանրապետության Բրեմն քաղաքում կայացած մենամարտն էր, երբ ռինգ էր դուրս եկել ազգությամբ թուրք Յուսուֆ Կարակայնի հետ, ով ներկայացնում էր Հոլանդիան: Ասում է  ուժեղ պայքար էր ընթանում, հակառակորդին թերագնահատել չէր կարելի, սակայն Միսակն իր նպատակին հասնելու համար ջանք չխնայեց և հակառակորդին իր առավելությունները ցույց տվեց: Երբ վերջին 15 վայրկյաններն էին ընթանում, հակառակորդը հայտնվեց նոկաուտի մեջ և հաղթանակը կրկին Միսակ Ասլանյանին շնորհվեց: Միսակն իր հաջողությունների համար շնորհակալ է իր առաջին մարզիչ Արմեն Վարևդանյանին, ով ջանք չի խնայել, որպեսզի Ասլանյանն իրեն կարողանա խելացի դրսևորել ռինգում թե որպես մենամարտող, և թե որպես հայ մարզիկ: Միսակ Ասլանյանն իր երախտագիտությունն է հայտնում նաև Հանովերում իր մարզիչներին, քանի որ հենց նրանց շնորհիվ է կարողացել եռագույնով ռինգ դուրս գալ և ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը: Հպարտ է, որ թուրք մարզիկի հանդեպ հաղթանակը տոնել է Հայաստանի Հանրապետության օրհներգով: Իր համար պատմական ու հիշարժան այս հաղթանակը Միսակը նվիրել է հայ հերոսների հիշատակին:

Միսակ Ասլանյանի համար բռնցքամարտով զբաղվելը և պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալը  երազանք է եղել: Հիմա արդեն երազանքն իրականություն է դարձել: Միսակն իր նպատակի հետևից գնալու և արդյունքի հասնելու համար ջանք ու եռանդ չի խնայել: Ասում է հպարտ է, որ հայ է, և առավել հպարտ, որ միջազգային մակարդակներում տեղի ունեցող բռնցքամարտի առաջնություններում կարողանում է ներկայացնել իր երկիրն ու ծածանել հայոց դրոշը: Վերջին հաղթանակից հետո հիմա Միսակ Ասլանյանը վնասվածքների պատճառով մեկ ամիս կդադարեցնի մարզումները, որպեսզի մայիսին կարողանա մասնակցել Համբուրգ քաղաքում K1 մարզաձևում կայանալիք առաջնությանը: Այս անգամ երիտասարդ բռնցքամարտիկը հանդես կգա Գերմանիայի Հանրապետության հովանու ներքո և կներկայացնի Գերմանիայի Հանրապետությունը: Արժմ Միսակի բռնցքամարտի մարզիչներն են՝ Արթուր Մաթեաս Դմիտրի Սչունկը և Կ1-ի մարզիչ Ռեզա Բեյը, ում նույնպես Ասլանյանն իր երախտագիտությունն է հայտնում և վստահեցնում ինչպես մարզիչներին, այնպես էլ իր հայրենակիցներին, երբեք չհիասթափեցնել, սպասումներն արդարացնել ու ռինգում միայն հաղթանակ գրանցել: Ասլանյանը նշում է նաև, որ Հանովեր քաղաքում իրեն աջակցում և հովանավորում է իր համագյուղացին՝ Էդիկ Ավդալյանը: