Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի բնակիչներն այսօրվանից կարող են սկսել աշնանացանը: Լուծվել է ոռոգման ջրի խնդիրը: Հիշեցնենք, որ «Սև Ջուր – Աղթամար» ՋՕԸ-ն տեղեկացրել էր, որ, ելնելով Սև Ջուր գետի սակավությունից, սովետական ջրանցքի, Կոբի – Արտաշար – Երասխահուն ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների վրա հացահատիկ և առվույտ ցանող ջրօգտագործողներին «Սև Ջուր – Աղթամար» ՋՕԸ ոռոգման ջրով չի կարող ապահովել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը խորհուրդ ենք տալիս վերը նշված հողատարածքներում չցանել հացահատիկ կամ առվույտ, – գրված էր ՋՕԸ կողմից տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ վերջերս Երասխահունի խմելու ջրի ջրագծի բացման ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, գյուղացիները վարչապետի ուշադրությանը ներկայացրեցին տվյալ հայտարարությունը: Ինչպես տեղեկանում ենք «ՍևՋուր – Աղթամար» ՋՕԸ փոխտնօրեն Սամսոն Գալոյանից, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Արաքս -Ախուրյան ջրառից ջուր է մատակարարվում «Սև Ջուր – Աղթամար»-ին, ընկերությունն էլ իր հերթին Արտաշարի պոմպակայանով ջուրը հասցնում է Երասխահուն համայնքի ջրօգտագործողներին: Գյուղացիներն արդեն կարող են սկսել աշնանացանը,- վստահեցնում է ՋՕԸ փոխտնօրենը: