Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Յուրա Հովհաննիսյանի անունը կրող միջնակարգ դպրոցում եռատոն էր: Դպրոցը միաժամանակ մեծ շուքով տոնեց դպրոցի հիմնադրման 90, միջնակարգ դպրոց դառնալու՝ 50-ամյակները և ազատամարտիկ Յուրա Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը: Միջոցառմանը մասնակցում էին ինչպես դպրոցի սաները, այնպես էլ նույն դպրոցի նախկին շրջանավարտները, ոստիկանության աշխատակիցներ ու զինծառայողներ: Դպրոցի բակում հիմնվել է մի գեղեցիկ պուրակ, ուր կանգնած է ազատամարտիկ Յուրա Հովհաննիսյանի հուշարձանը: Ներկաները Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին հուշարձանի մոտ, որից հետո դպրոցի ուսուցչական անձնակազմը աշակերտների հետ միասին ներկայացրեցին իրենց դպրոցի պատմությունը, ձեռքբերումները, մեծ հպարտությամբ վերհիշեցին Արցախյան շարժման ազատամարտիկ Յուրա Հովհաննիսյանին: Միջոցառման երկրորդ հատվածում աշակերտները հանդես եկան երաժշտական կատարումներով, ապա դպրոցի բակում անցկացվեց շախմատի և մի շարք այլ խաղերի մրցույթ: