2015 թվ-ին Արմավիրի մարզի Հրատապ ծրագրերի միջոցներից Լենուղու երեք վթարային շենքերում ապրող 30 ընտանիքներից առաջին փուլում փոխհատուցում տրվեց 8-ին, որոնք լքեցին շենքը: Ծրագրի հաջորդ փուլերը ձգձգվում են մինչ այսօր: Հուսահատ բնակիչները դիմեցին ծայրահեղ քայլերի: Իրենց հետ վերցնելով առաջին անհրաժեշտության իրեր՝ ներխուժեցին գյուղի դպրոցի շենք:

Բնակիչների վրդովմունքը 30 տարվա պատմություն ունի: Դեռ 88-ի երկրաշարժից հետո, երբ շենքերում նոր ճաքեր առաջացան, նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպել մինչ օրս: Այժմ պահանջում են իշխանություններից, որ իրենց հստակ ժամկետներ նշեն, թե որքան պետք է շարունակեն ապրել նման պայմաններում:

Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային երկու շենքում ապրում է 22 ընտանիք: 25 երեխա վատ պայմանների պատճառով վատառողջ է,- ասում է գյուղի բուժքույրը:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ շենքային պայմաններին: Մարզպետը համամիտ էր բնակիչների հետ, որ 4-րդ կարգի վթարային շենքում և նման պայմաններում ապրելն անթույլատրելի է, խոստացավ իրավիճակին ծանոթանալուց հետո բնակիչներին տեղեկացնել ժամկետների և հնարավոր լուծումների մասին: