Արմավիրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը շարունակեց բժշկի՝ Նշան Գևորգյանի գործով դատաքննությունը, ով մեղադրվում է 3 անձանց մահվան մեջ: Այսօր դատարանը քննեց շտապօգնության չժամանելու պատճառով Վռամ Խլղաթյանի մահվան հանգամանքները: Վկաները նախաքննության ընթացքում տրված իրենց ցուցմունքները հաստատեցին և պատասխանեցին դատարանի և կողմերի հարցերին:
Դատարանին հետաքրքրեց նաև այն փաստը, որ 2010թվ-ի ընթացքում շտապօգնությունն արձագանքել է 10 000 քաղաքային և 500 գյուղական կանչերի: Այս համամասնությունը զարմացրեց դատարանին, իսկ վկա Գեղեցիկ Թումանյանն անորոշ պատասխան տալուց հետո ավելացրեց, որ, եթե կանչը չի հիմնավորվում, ապա շտապօգնությունը չի արձագանքում:
Իսկ «Ի՞նչ կերպ պետք է հիվանդի հարազատները հիմնավորեն կանչը»,- հարցրեց դատարանը: Այս առիթով վկան ուներ հետևյալ մեկնաբանությունը. «Եթե ասում են գլխացավ է, ապա խորհուրդ ենք տալիս դեղ խմել կամ տեղի բժշկին դիմել: Գնում ենք, եթե ասում են հիվանդը շատ վատ է, արագ հասեք»:
Դատաքննությունը կշարունակվի փետրվարի 19-ին: