Համայնքներում շփումների ընթացքում հաճախակի կարելի է հանդիպել բնակիչների կողմից կատարած արտահայտությունների, օրինակ՝ ավագանին ով է, ավագանին գյուղապետի օգնականն է և այլն:
Բնակիչների այս արտահայտություններն ավելի շուտ կապված են ՏԻՄ օրենքի դրույթների իրենց անտեղյակության հետ, սակայն հաճախ կարելի է հանդիպել հատկապես ընդդիմադիր կեցվածքով ավագանու, ով նման արտահայտություններ է կատարում համայնքի ղեկավարի որոշումների նկատմամբ:
ՏԻՄ փոփոխված օրենքը լիարժեք հնարավորություն է տալիս և՛ ավագանու անդամին, և՛ համայնքի ղեկավարին հրավիրված արտահերթ նիստով քննարկման դնել ավագանու կամ համայնքի ղեկավարի որոշումները:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենք հոդված 16 կետ 15
Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով նախաձեռնել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր բողոք` համապատասխան հիմնավորումներով, առաջարկելով համայնքի ղեկավարին փոփոխելու իր որոշումը:

Եթե ավագանին իր որոշումով գտնում է, որ համայնքի ղեկավարի որոշումը պետք է փոփոխվի կամ կասեցվի, համայնքի ղեկավարի որոշման գործողությունը կասեցվում է:

Իսկ 16 հոդվածի 19 կետի պահանջով՝

Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի որոշումը համարվում է չընդունված:

Համայնքի ղեկավարի որոշումը 16 հոդվածի վերջին՝ 20-րդ կետի համաձայն ավագանին կարող է բողոքարկել նաև դատական կարգով: