Ապրիլի 9-ին Դավիթ Հարոյանը կդառնար 21 տարեկան։ Նոր էր ավարտել ժամկետային ծառայությունը, երբ սկսվեց պատերազմը։ Նա կամավորագրվեց և սեպտեմբերի 29-ից մասնակցեց մարտական գործողություններին։ Դպրոցի սաներն ու ուսուցչական կոլեկտիվը նշում են Դավիթի ծննդյան օրը։ Դասընկերները Դավիթի ծնողների կողքին են։

Դավիթն ամեն օր զանգում էր ծնողներին, բայց չէր ասում որտեղ է։ Նոյեմբերի 7-ին  ընտանիքը մի քանի անգամ զանգ ստացավ տղայից։ Հայրն անհանգիստ էր։ Դավիթն ասել էր, որ շրջափակման մեջ են հայտնվել։ Երրորդ և չորրորդ զանգերն ավելի հուսադրող էին եղել։  Տղան ասել էր, որ վտանգն անցել է։

Նույն օրը Դավիթը զոհվեց։ Ընտանիքը լուրն իմացավ նոյեմբերի 9-ին։ Հայրը պատմում է, որ ծառայությունից վերադառնալուց հետո Դավիթն ընդունվել էր աշխատանքի ոստիկանության համակարգում, որոշել էր կրթություն ստանալ Ոստիկանության ակադեմիայում։ Բայց պատերազմն անկատար թողեց Դավիթի պլանները։

ՀՀ Ոստիկանության պետի հրամանով Դավիթ Հարոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Զորակցություն» մեդալով, Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի կողմից՝ հայրենիքի  պաշտպանության համար «Արցախ» հուշամեդալով և «Ազատամարտիկ» ռազմա-հայրենասիրական ՀԿ կողմից՝ «Ազատամարտիկ» մեդալով։