Հունիսի 28-ին Արմավիրի ավագանու հերթական նիստն էր: Օրակարգում 8 հարց էր: Նիստին ներկա էր ավագանու 9 անդամ: Այս անգամ նիստը վարեց փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանը: Քաղաքապետի բացակայությունն ավագանուն արտահայտվելու առիթ հանդիսացավ կամ նիստի օրակարգի որոշ հարցերի նկատմամբ ավագանու հետաքրքրությունը շարժվեց: Քննարկում ծավալվեց մասնավորապես 3-րդ հարցի շուրջ, որը վերաբերում էր Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ պիտանի գույքը դուրս գրելուն: Հենց այստեղ էլ հարց առաջացավ ավագանու մոտ՝ ո՞ր գույքի մասին է խոսքը, և ինչո՞ւ որոշման նախագծում խոշոր գույքի դուրս գրման մասին գոնե նշված չէ: Դաշնամուրն էր խոշոր գույք հանդիսանում, պետք է դուրս գրվեր, բայց ինչո՞ւ և ո՞վ էր այդպես որոշել, ավագանին չգիտեր: Հետաքրքրության շրջանակը մեծացավ ու մինչ ավտոբուս հասավ: Ավտոբուսի մասին էլ ավագանին չգիտեր ու նորից սկսվեց հարցերի շարքը: Ի՞նչ ավտոբուս, ո՞րտեղից-ո՞րտեղ և ի՞նչի համար: Օրակարգի հաջորդ հարցով ավագանին հասավ մինչև մայթեր: Խնդիրը նրանում էր, որ ավագանու անդամներին քաղաքացիները դժգոհել էին, մայթերով քայլել չի լինում՝ մասամբ պարսպապատված են, շատ դեպքերում շինանյութերով զբաղեցրած ու այդպես շարունակ: Փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանն էլ նկատեց՝ խնդրով քաղաքացին պետք է գրավոր դիմումով քաղաքապետարան գա, իսկ եթե ոչ, դա եղել և մնում է հարցերի հարցը, նկատողությունով բան դուրս չի գա, եթե քաղաքացին նկատողությունը լսելու մտադրություն ունենար, ապա մայթը երբեք չէր փակի,- ասաց փոխքաղաքապետը: Այսքանով մայթերի հարցը փակվեց, իսկ օգնություն հատկացնելու և մանկապարտեզի երեխայի պահպանման վարձի զիջման մասին ավագանին չառարկեց: Այնուհանդերձ, օրակարգի 8 հարցերն էլ, ինչպես միշտ, ավագանին միաձայն հաստատեց: