Վերջերս շատ է քննարկվում խաղողի մթերման և առաջարկվող գների հետ կապված խնդիրները: Հատկապես շահարկվում է այն հանգամանքը, որ գյուղացին միշտ դժգոհել և դժգոհում է մթերման գներից, իսկ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը «Առաջին Լրատվականին» տված իր հարցազրույցում գյուղացիների մտահոգությունները, կապված մթերման ցածր գների հետ, «զառանցանք» է որակել, բերելով իր փաստարկները:
Փորձենք 140 դրամ մթերման գնի պարագայում հաստատել կամ հերքել Գյուղատնտեսության փոխնախարարի մեկնաբանությունը:
Իդեալական բարենպաստ պայմաններում Արարատյան դաշտավայրի խաղողի այգիների բերքատվությունը տատանվում է 1 հեկտարից 130-150 ցենտներ: Սակայն, եթե հաշվի առնենք, որ գյուղացին խաղողի մշակության ընթացքում ունենում է բազմաթիվ խնդիրներ՝ կապված եղանակային պայմանների, ոռոգման ջրի, պարարտանյութերի և անորակ թունաքիմիկատների հետ, նշված ցուցանիշը վերջին 10 տարում իջնելով հասել է 100-120 ցենտների:
Հողերի սեփականաշնորհման ժամանակ Արարատյան դաշտավայրի 4-5 անձից բաղկացած միջին ընտանիքին բաժին է հասել 0,5-0,6 հեկտար հողատարածք: Ամենալավ բերքատվության պայմաններում ընտանիքը կարող է ստանալ 5,5-6,5 տոննա խաղող: Լիարժեք մթերելու դեպքում ընտանիքը կստանա մթերողից 770-910 հազար դրամ:
Խաղողի մշակության համար անհրաժեշտ է գյուղտեխնիկա, որի ծառայության գինը վերջին 6 տարիների ընթացքում վառելիքի 50 տոկոս թանկացման հետ թանկացել է 30 տոկոսով, բուժանյութեր, որոնց գինը նույնպես թանկացել է 20-25 տոկոսով, պարարտանյութ, որի արժեքը, բացի այն, որ 50 տոկոսով թանկացել է, վաճառվում է մինչև 12000 դրամով, այսինքն 150 տոկոսով թանկ: Բանվորական ուժի մասին խոսելն ավելորդ է: Եթե 8 տարի առաջ խաղողի մեկ կիլոգրամի ինքնարժեքը գնահատվում էր մոտ 75 դրամ, ապա այսօր խաղողի մեկ կիլոգրամի ինքնարժեքը կազմում է 95-100 դրամ:
Այժմ ընտանիքի մաքուր եկամուտը հաշվելու համար ստացած գումարից հանենք խաղողի ինքնարժեքը և կստանանք, որ միջին 4-5 անձից բաղկացած ընտանիքը խաղողի մշակությունից տարեկան ստանում է 234-276 հազար դրամ մաքուր եկամուտ: Պատկերն ամբողջացնելու համար կատարենք ամսական հաշվարկ: Ստացվում է, որ 4-5 անձից բաղկացած ընտանիքը խաղողի մշակությունից ամսեկան ստանում է 19,5-23,0 հազար դրամ: Զավեշտալին այն է, որ նման ընտանիքը Հայաստանի չափանիշներով համարվում է սոցիալապես ապահով, իսկ Գյուղատնտեսության փոխնախարարը գյուղացիների դժգոհությունները որակում է զառանցանքի:
Այժմ փորձենք հաշվարկել մթերող կազմակերպությունների եկամուտները: Կոնյակի արտադրությամբ զբաղվող գործարանները մեկ լիտր կոնյակի սպիրտ ստանալու համար օգտագործում են 7 կգ խաղող, որի համար գյուղացուն լավագույն դեպքում վճարում են 980 դրամ: Մեկ լիտր կոնյակի սպիրտը հնեցնելու համար տարեկան ծախսվում է 100 դրամ: 5 տարի հնեցնելուց հետո գործարանը մեկ լիտր կոնյակի սպիրտից ստանում է 3 կես լիտրանոց շշով պատրաստի արտադրանք, որոնց շշալցման համար ծախսում է մոտ 500 դրամ: Ընդհանուր հաշվով կոնյակ արտադրողը 3 կես լիտրանոց 5 տարեկան կոնյակի վրա ծախսում է 1980 դրամ: Իհարկե, այս թվին կարելի է գումարել մի 10 տոկոս այլ ծախսեր, սակայն, եթե հաշվի առնենք, որ 5 տարեկան կես լիտրանոց մեկ շիշ կոնյակի գինը տատանվում է 3500-5000 դրամ, հասկանալի կդառնա, որ մեկ կիլոգրամ խաղողը 140 դրամով մթերելը ծիծաղելի ցածր գին է: