Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան և Հացիկ համայնքների բնակիչներն առավոտյան փորձում էին փակել Արմավիր-Գյումրի միջպետական ավտոճանապարհը: Գյուղացիներն այդ կերպ փորձում էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ կապված ծիրանի իրացման խնդիրների հետ: Ըստ գյուղացիների, նախապես ձեռք էր բերվել բանավոր պայմանավորվածություն մասնավոր ընկերությունների հետ, որոնք սկզբում ավելի բարձր արժեք էին խոստացել ծիրանի համար, այն էր՝ մեկ արկղը 4500 դրամ: Այժմ գնորդը ցանկանում է մեկ արկղը գյուղացուց գնել 1500 դրամով: Երևույթն առաջացրել էր գյուղացիների զայրույթը: Չնայած ոստիկանները թույլ չտվեցին գյուղացիներին փակել ավտոճանապարհը, իսկ ճամփեզրին հավաքված գյուղացիները պահանջում էին գյուղնախարարի հետ հանդիպում, սակայն նրանց հետ հանդիպման եկավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: