2018թ. օգոստոս ամսին Վրաստանի Լրագրության ռեսուրս կենտրոնը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Ագրոլրագրության զարգացման նախագծի շրջանակում հայտարարեց մրցույթ, որն իր մեջ ներառում էր գյուղատնտեսական թեմաներով հեռուստանախագծեր: Կարևորելով Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի առկա խնդիրներն ու բարեփոխումների դանդաղ ընթացքը, «ԱԼՏ» Հեռուստաընկերությունը, ունենալով մեծ փորձ ագրոլրագրության ոլորտում, որոշում կայացրեց մասնակցել մրցույթին: Դեկտեմբերին հեռուստաընկերությանը տեղեկացվեց, որ ներկայացված ծրագիրը հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել: Ըստ մրցույթի պայմանների հաղթող լրատվամիջոցին նախատեսված էր տրամադրել նկարահանող տեսաձայնային տեխնիկական միջոցներ, որի հանձնման և պայմանագրի կնքման արարողությունը տեղի ունեցավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

«ԱԼՏ» Հեռուստաընկերության խմբագիր Անժելա Ստեփանյանի մեկնաբանությամբ, Հայաստանի գյուղատնտեսությունը բազմաթիվ խնդիրներ ունի և շատ կարևոր է վրաց գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերով աջակցել գյուղացիական տնտեսություններին: 

Համագործակցությունը ենթադրում է այնպիսի նախագծերի իրականացում, որոնք իրենց մեջ կներառեն հայ-վրացական համատեղ արտահանում, բրդի, մեղրի, կաթնամթերքի արտադրություն, անասնաբուծություն, ցեղատեսակի բարելավում, սահմանի հատում և հարկեր, կենդանիների սպանդանոցների առկայություն, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաներ, տեղական մթերքի արտադրություն, սպառողների իրազեկվածություն և նմանատիպ մի շարք թեմաներ:

Վրաստանի Լրագրության ռեսուրս կենտրոնի նախագահ Նաթիա Կուպրաշվիլին վստահեցրեց, որ Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության ոլորտում խնդիրները միմյանցից քիչ են տարբերվում և երկու երկրների փորձի փոխանակումն ու նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև դրանց կիրառման փորձերը հնարավորություն կտան գյուղացիներին ավելի ճիշտ ու արդյունավետ վարելու իրենց ֆերմերային տնտեսությունները:     

Այսուհետ Վրաստանի և Հայաստանի գյուղատնտեսության մասին պարբերաբար կպատրաստվեն և կհրապարակվեն այնպիսի հեռուստածրագրեր, որոնք հնարավորություն կտան գյուղացիական տնտեսություններին ծանոթանալ և իրենց տնտեսության մեջ կիրառել նոր տեխնոլոգիաներ, մշակության, հիվանդությունների դեմ պայքարի նոր ձևեր, մսամթերքի ու կաթնամթերքի արտադրության նոր մեխանիզմներ, անասնաբուծության զարգացման նոր մեթոդներ:

Ավելի վաղ, մինչև մրցույթի իրականացումը 2018թ. ապրիլին Վրաստանի Լրագրության ռեսուրս կենտրոնը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ իրականացրել էր լրագրողների և լրագրության ֆակուլտետների դասախոսների հետ ագրոլրագրութան թեմայով ուսոցողական այց Վրաստան։ Ծրագիրն իր մեջ  ներառում էր տեղեկատվական հանդիպումներ, մասնագիտական դասընթաց, համագործակցություն վրացական լրատվամիջոցների հետ, նաև ագրոլրագրության առարկայական ծրագրի մշակում և ներդնում համալսարաններում։ Ուսուցողական այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան Վրաստանում ագրոբիզնեսի զարգացումներին, գյուղատնտեսության նախարարության ծրագրերին, այդ ոլորտում եվրաինտեգրման գործընթացներին։ Մասնակիցները եղան նաև գյուղատնտեսության թեմաների լուսաբանման մեջ մասնագիտացած տեղեկատվական կենտրոններում և ստուդիաներում։

Ագրոլրագրության դասընթացը Վրաստանում անցկացրեց  բրիտանացի լրագրող, ագրոբիզնեսի փորձառու մասնագետ, Ագրոլրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ Ռոուզ Հիթեր Բրիգսը:

Նշենք, որ 2018 թ-ին Վրաստանի ժուռնալիստիկայի ռեսուրս կենտրոնի կողմից լույս է տեսել նաև  «Գյուղատնտեսության լուսաբանում» ձեռնարկը՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ, միջազգային ոչ կառավարական կազմակերպություն MERCY  CORS-ի «Փոքր Կովկասի ալյանսների Ծրագրի» կողմից աջակցության արժանացած նախագծի շրջանակներում: Հանդիպման ընթացքում ձեռնարկը վրաց գործընկերների Կոնստրուկցիոն Ագրոժուռնալիստիկա ձեռնարկը փոխանցեցին  ոլորտով հետաքրքրված հայ մասնագետներին: