Փետրվարի 15-ին Արմավիրի մարզի Արմավիր գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Արմավիր գյուղի բնակիչ, 38-ամյա Արթուր Սարխոշյանը, կնոջ՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի հետ, գնացել է գյուղի գերեզմանատուն, քարով հարվածել կնոջ գլխին, այնուհետև իր մոտ եղած սրիչով կտրել կոկորդը, իսկ հետո նույն սրիչով վնասել ինքն իրեն:
Գյուղացիները ժամը 22:00-ի սահմաններում գերեզմանատանը հայտնաբերել են Արմավիրի բնակիչներ 38-ամյա Արթուր Սարթոշյանին և նրա կնոջը՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանին բազմաթիվ վնասվածքներով, արնաշաղախ վիճակում: Ամուսիններին տեղափոխել են հիվանդանոց: Արաքսյա Մարտիրոսյանը ստացած վնասվածքներից, ուշքի չգալով, մահացել է, իսկ Արթուր Սարթոշյանը՝ ստանալով առաջին բուժօգնություն, հոսպիտալացվել է:
Արմավիրի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկ Վահան Հարությունյանից տեղեկանում ենք, որ Արթուր Սարխոշյանը հիվանդանոց է ընդունվել գագաթային շրջանի սալջարդ, պարանոցի կտրած և ստորին ու վերին վերջույթների վերքերի ախտորոշմամբ: Ներկայումս վիճակը կայուն է:
Գործով քննիչ Արմեն Ումուրշադյանից տեղեկացանք, որ Արթուր Սարթոշյանի և Արաքսյա Մարտիրոսյանի վնասվածքները պատճառվել են ամուսնու կողմից: Սկզբում Սարթոշյանը քարով հարվածել է կնոջ գլխին, ապա իր մոտ եղած սրիչով վնասել նրա պարանոցը, իսկ ավելի ուշ նույն սրիչով վնասել է ինքն իրեն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Սարթոշյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, 2013թվ-ին բուժվել է Երևանի Սթրես կենտրոնում և գտնվում է հաշվառման մեջ: Նշենք, որ ամուսիններն իրենց խնամքի տակ ունեին 4 անչափահաս երեխա: