Արմավիր քաղաքը և հարակից Նորապատ համայնքը միմյանց կապում է երկաթգծի Արմավիր կայարանը  ու հարևանությամբ գտնվող  գետնանցումը, որն արդեն երկար տարիներ է վերածվել է աղբանոցի: Գետնանցումը չի լուսավորվում և  չի սպասարկվում ոչ մեկի կողմից, մարդիկ այսպես կոչված Սադախլու շուկա և Սադախլուի հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքեր երթևեկությունը կազմակերպում են երկաթուղու գծերով: Այլ տարբերակ չկա, անցում մուտք գործելը տհաճ է ու անհնար:

Նորապատ համայնքի բազմաբնակարան շենքերը մտնում են Արմավիր քաղաքի վարչական տարածքի մեջ և կապը քաղաքի հետ կազմակերպում են երկաթուղու գծերով անցնելով, որը շատ վտանգավոր է: Դրությունն ավելի է բարդանում, երբ կայարանում կայանած են լինում բեռնատար վագոններ և անցում կատարելու համար քաղաքացին հատուկ հմտությունների շնորհիվ է կարողանում միայն վագոնի տակով անցնել ու քաղաք մուտք գործել:

Ու՞մ է պատկանում աղբով լի  գետնանցումը, ովքե՞ր պետք է ապահովեն մաքրությունը և ու՞մ իրավասության ներքո է գետնանցման սպասարկումը, ոչ ոք չգիտի: Համենայնդեպս  Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ –ի հաշվեկշռում չէ անցումը, <<Արմավիր>> կայարանի կայարանապետ Արթուր Ավոյանը էլ վստահեցնում է,  որ անցումը Արմավիրի քաղաքապետարանինն է, Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի <<Բարեկարգում տնօրինության>> տնօրեն Արտակ Ավագյանն էլ հակառակն է պնդում, ասում է գետնացման տարածքը Հարավկովկասյան երկաթուղունն է և նրանք էլ պետք է իրականացանեն սպասարկումը:

Մինչև կպարզվի գետնանցման պատկանելությունը, մարդիկ վտանգելով իրենց կյանքը շարունակում են Արմավիր-Նորապատ ոտքով երթևեկությունը երկաթգծի վրայով ու երբեմն էլ կայանած վագոնների տակով: